«Դիմել եմ միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին»․ Նաիրա Զոհրաբյան

«Այս իշխանությունը չի հանդուրժում քաղաքական այլակարծությունը և ընդդիմախոսների բերանը փորձում է փակել քաղաքական և իրավական կեղծ ու շինծու գործերով»,- այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ասաց ԲՀԿ խմբակցության գլխավոր քարտուղար, ԱԱԾ շենքի մոտ քաղաքական ակցիա իրականացնող Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ իրենք պատրաստ են բոլոր հնարավոր սցենարներին։ Զոհրաբյանն ասաց, որ մամուլից են տեղեկացել նաև, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու քաղաքական որոշում կա, ուստի դրան ևս պատրաստ են։

«Հնարավոր է՝ Դատախազը միջնորդի զրկելու անձեռնմխելիությունից, պատրաստ ենք, որպեսզի բոլոր պատգամավորներին միջնորդություն ներկայացնեն, այս իշխանությունը կարող է բոլորիս սյուրռեալիստական և ֆուտուրիստական գործերով մեղադրանք ներկայացնել»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, թե չի կարծում, որ ԱԺ նիստը բոյկոտելը կլինի լավագույն տարբերակը։ Պատգամավորն ասաց, որ ցանկացած ամբիոն, հարթակ օգտագործելու են՝ աշխատանքային և գործընկերային հարաբերությունները, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու տեղի ունեցածի վրա։ «Որպես ԲՀԿ խմբակցության գլխավոր քարտուղար՝ առավոտյան արդեն գրավոր դիմել եմ միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերություններին, ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ ներկայացնելով իրավիճակը և նշելով, որ այս իշխանությունը, ինչպես նախորդները, չի հանդուրժում քաղաքական այլակարծությունը և ընդդիմախոսների բերանը փորձում է փակել քաղաքական և իրավական կեղծ ու շինծու գործերով»,- ասաց Զոհրաբյանը, շարունակելով, որ երբ գործ էին «կարում» նախկինները, գոնե շատ ավելի գրագետ իրավախորհրդատուներ ունեին, քան ներկայիս իշխանությունները։

Նրա խոսքով՝ գոնե նախկինները փորձում էին իրենց «կարած» խայտառակ իրավական գործերին քչից-շատից իրավական հիմնավորում տալ։ «Այնպիսի սյուրռեալիստական և ֆուտուրիստական ծիծաղելի հիմնավորումներ են, որ ես չլինելով իրավաբան՝ ուղղակի ասում եմ՝ փոխեք Ձեր իրավախորհրդատուներին»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաև հստակեցրեց, որ որևէ քաղաքացու իրենք երկրում արտակարգ դրության պայմաններում դուրս չեն հանել։

«Ես կարող եմ հեռախոսս ցույց տալ, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են ինձ, թե ինչու կոչով հանդես չեմ գալիս՝ բոլորին հավաքվել այստեղ։ Ես ասել եմ, որ մենք առաջնորդվելու ենք բացառապես ՀՀ օրենքով»,- ասաց Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս