«Նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, ուրեմն կստանան հակաարձանագրումներ». Նիկոլ Փաշինյան

 Պարետատան հերթական նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրած ավանդույթի համաձայն՝ պատասխանեց երկու լրատվամիջոցի հարցի։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե  ինչպե՞ս է վարչապետն արձագանքում ԼՀԿ հայտարարությանը, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և պայքարը ձախողողների քաղաքական պատասխանատվության հարցը կբարձրացնեն համավարակը հաղթահարելուց հետո, իսկ ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության կազմը 100%-ով պետք է փոխվի՝ վարչապետի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ համավարակի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ քննության պետք է առնեն շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և պիտի քննեն ու հանրայնորեն գնահատական տան, թե նրանց գործողություններն ինչքանո՞վ են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը, և ինչքանո՞վ են նպաստել համավարակի տարածմանը:

«Այդ թվում, կարծում եմ, իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյո՞ք կապ ունեն, թե՞ կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ: Եվ ուզում եմ ասել, որ էլի երեկվա տրամաբանությամբ, քանի որ ես ասում եմ՝ ինձ համար այդ տերմինաբանությունը ընդունելի չի, բայց հիմա քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի մեջ, էլի ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմում, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություն ծավալող անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: Եվ որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի:

Երկրորդ, ինչ վերաբերում է պարտությանը: Պետք ա արձանագրել հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է  այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել են (ես, կներեք, ուղղակի երկրների անուններ տալով՝ ոչ մի վատ բան նկատի չունեմ, ուղղակի նկատի ունեմ նույնքանով, որքանով Հայաստանը), ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած և գերզարգացած երկրներ: Եթե Հայաստանի կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունը ընդհանրապես, քաղաքակրթությունը ընդհանրապես: Արդյո՞ք ՀՀ-ն այսօր ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այո, ունի պրոբլեմներ, ինչքան ունեն աշխարհի իմ նշած բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ամբողջ մարդկությունը ունի այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում:

Արդյո՞ք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում: Կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դառել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ: Եվ նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը, և շատ կարևոր է իմանալ, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում, և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում: Որպես հստակ արձանագրում՝ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ ժողովուրդը իրենց այնքան էլ լավ չեն զգում կորոնավիրուսի միջավայրում:

«Կորոնավիրուսի դեմ պայքարը կամ կորոնավիրուսի պատմությունը չի ավարտվել, չի ավարտվել: Այն նոր, նոր սկսել է: Երբ որ կավարտվի, էն ժամանակ կամփոփենք արդյունքները: Ես, եթե էլի վերադառնանք պատերազմական հռետորաբանությանը, ասենք, մոտավորապես նույնն է թե՝ 1992 թվականի, օրինակ, փետրվարին ՀՀ-ում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանը և Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում, 1992 թվականի փետրվարին: Հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ: Հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է, և նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, ուրեմն կստանան հակաարձանագրումներ: Երբ որ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, էն ժամանակ, էլի եմ ասում, կվերցնենք թուղթ ու գրիչը և կտեսնենք՝ ով ինչ է արել, ով որքան է պարտվել, ով որքան է հաղթել, և ՀՀ-ն ինչ է կորցրել և ինչ է ստացել դրա արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս