Բաժիններ՝

Այս շղթայից որևէ մեկի տապալումը կամ հապաղումը ունի գին՝ մեր քաղաքացիների առողջությունը և կյանքը

Իշխանական ճամբարից վերջին ամիսների ընթացքում թերևս առաջին անգամ հնչեց համակարգված խոսք՝ համաճարակի թեմայով։

Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որքան գիտեմ հանդիպումը տևել է բավական երկար և անցել է փակ ձևաչափով։

Կարելի է ենթադրել, որ հրատապ քննարկման թեման երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն էր. առողջապահական համակարգի խնդիրները։ Դատելով մասնակիցների կցկտուր հետհանդիպումային ձևակերպումներից և նախագահի խոսքից, լուրջ քննարկման առարկա է դարձել համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը, որի բացակայությունն է նաև այսօրվա աղետի հիմքում։ Աչքի էր ընկնում հանդիպման ձևաչափը՝ առանց սևերի և սպիտակների, առանց քաղաքական կամակորությունների՝ ողջամիտ և ռացիոնալ առաջարկներ գեներացնելու համար։ Հայաստանն ունի առողջապահական համակարգի բարձրակարգ, միջազգային կարգի մասնագետներ, բայց նրանցից ոչ մեկին գործող իշխանությունն առ այս պահը չի դիմել /Հ. Քուշկյան, Ա. Մինասյան, Ա. Բաբլոյան, Ա. Մուրադյան և այլն/։ Զավեշտ է, բայց նրանցից երկուսի հանդեպ նույնիսկ քրեական գործ կա հարուցված։ Հասկանալի է, որ արդյունքն էլ պետք է լիներ սա։ Ա. Սարգսյանի հրավիրած խորհրդակցության հանրությանն ուղղված կարևոր ուղերձներից մեկը հենց սա պետք է լինի։

Երեք ամիս շարունակ ոչ իշխանական համակարգերից հնչել և հնչում են առաջարկներ, խորհուրդներ, զգուշացումներ։ Մենք ունենք կառավարման մեծ փորձ ունեցող գոծիչներ, որոնց խորհդատվությունից օգտվում են այլ պետությունների կառավարություններ, բայց ոչ  Հայաստանի։ Այսքանից հետո պատահական չէ այսպիսի վիճակը երկրում։

Նախագահ Ա. Սարգսյանը փորձում է իրենով լցնել գործադիր իշխանության վակուումը։ Փորձում է հրավիրված մասնագետների մասնագիտական խոսքով փոխհատուցել կառավարական աղբյուրներից չդադարող դատարկախոսությունը։

Ռազմավարություն, էֆեկտիվ կառավարում և գրագետ ձևակերպված աջակցություն։ Սա է իրավիճակը փրկելու բանաձևը։ Այս շղաթայից որևէ մեկի տապալումը կամ հապաղումը ունի գին՝ մեր քաղաքացիների առողջությունը և կյանքը։ Եթե որևէ մեկը հակված է վճարելու այդ գինը, ապա մեր խնդիրն է դա թույլ չտալ. հիմա ամբիցիաների ժամանակը չէ։

Սրանք իսկապես էական խնդիրներ են, քանի որ երբ համավարակին, սոցիալական և իրավական խնդիրներին, արտաքին վտանգներին արձագանքում են քաղաքական անլրջությամբ ու պարզունակությամբ, ցաքուցրիվ և անվստահելի որոշումներով, հստակ ռազմավարությունը օրվա հրամայական է դառնում։

Աջակցության հնարավոր տարբերակը նախագահական ինստիտուտի կողմից՝ կապը ստեղծելու մեջ է՝ դիմելու բազմաթիվ գործընկերներին, որ աջակցեն:

Մի բան, որ չարեց կառավարությունը՝ անտեսելով հանրության բազմաթիվ հայտնի դեմքերի, բազմաթիվ քաղաքացիների կոչը՝ միջազգային հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետություններին և միջազգային կազմակերպություններին։ Հետևանքը՝ մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։ Մինչդեռ, մենք ունենք ռեսուրսները համախմբելու և դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ միջազգային աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու և իրավիճակը փրկելու խնդրին։

Նախագահն ասում է. «Եթե ես փորձել եմ, և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ և ինչպե՞ս։ Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում: Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում… Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք»։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» վերջին փուլում անընդհատ պնդում է միջազգային օգնության անհրաժեշտության հարցում։ Բայց մենք չէինք կարող պատկերացնել, որ գործող կառավարությունը նույնիսկ չունի հաշվարկ և չունի մոտեցում, թե ինչ է պետք Հայաստանին։

Ճանաչելով գործող կառավարության բարքերը վստահ չեմ, որ նույնիսկ այս խորհրդակցությունից հետո կարվի աշխատանք, և խանդը դարձյալ չի դառնա հիմնական մոտիվացիա։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս