«Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք». Փաշինյան
«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված». պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը: Նա, սակայն, դրական տեղաշարժ ևս նկատում է:
«Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք և ունենալու ենք: Սա մեզ պետք է ոչ թե թուլացնի, այլ ավելի բարձրացնի մեր զգոնությունը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատեց, որ վերջին շրջանում համաճարակի բռնկումներ լինում են թաղման արարողությունների և հարսանիքների ժամանակ:
«Շատ կարևոր ենք համարում այդ արարողությունների իրականացումը պարետատան սահմանած կանոններին համապատասխան: Ուզում եմ, որ բոլոր սգակիր ընտանիքները, պսակադրության արարողություն ունեցողները համագործակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ու ոստիկանության հետ, որ այս իրավիճակում կարողանանք հասնել կանոնների պահպանման մաքսիմալ էֆեկտիվության»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կրկնեց նախորդ օրը ճեպազրույցի ժամանակ արտահայտած մտքերը, որ շատ կարևոր է իր նախաձեռնած հակահամաճարակային շարժումը, որի ընթացքում 2 անձից բաղկացած խմբեր մոտենում են քաղաքացիներին և իրազեկում կանոնների պահպանման մասին:
«Շատ կարևոր է, որ մաքսիմում 2 հոգանոց խմբերը շրջեն ու հարգալից, առանց լարվածության՝ իրազեկեն կանոնները պահպանելու կարևորության մասին, և աջակցություն ցուցաբերեն՝ տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և հակահամաճարակային կանոնները պահելու առումով»,- ասաց վարչապետը: