Մեսսին կրկին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է. Onze Mondial
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ֆրանսիական Onze Mondial ամսագրի տարբերակով: Այս մրցանակը շնորհվում է 1976թ.-ից:
Մեսսին հավաքել է քվեարկողների ձայների 47,45 տոկոսը՝ առաջ անցնելով Ռոնալդուից (27,95%) և Ռադամել Ֆալկաոյից (6,1 %): Նրանց հաջորդում են Քարիմ Բենզեման, Չավին և Մեսութ Օզիլը:
Մրցանակը տրվում է 2011/12 մրցաշրջանի արդյունքներով, երբ Մեսսին 69 խաղում դարձավ 82 գնդակի հեղինակ: Արգենտինացին լավագույնն էր ճանաչվել նաև 2009 և 2011թթ.-ին, իսկ 2010թ.-ին ամսագիրը պաշտոնապես մրցանակ չէր շնորհել:
Նշենք, որ նախկինում երեք անգամ այս մրցանակին արժանացել էին լեգենդար ֆրանսիացիներ Միշել Պլատինին և Զինեդին Զիդանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը