Եվս 30 օր՝ կորոնավիրուսային վճարովի թեստավորման վերաբերյալ հրատապ հարցերին պատասխանելու համար

Կորոնավիրուսային վճարովի թեստավորման անթույլատրելիության մասին Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե «վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ», և լաբորատորիաները կարող են գնել և կիրառել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում։ Սույն թվականի մայիսի 20-ին հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն` խնդրելով տեղեկություն տրամադրել կորոնավիրուսի վճարովի թեստավորումն արգելելու ու դրան առնչվող մի քանի հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ խնդրել էինք պատասխանել հիշյալ հրատապ հարցերին.

1. Ինչո՞վ է պայմանավորված նախարարի ցուցումը՝ կորոնավիրուսային հետազոտություն իրականացնելու թույլտվությունից զրկել այն բժշկական կենտրոններին կամ լաբորատորիաներին, որոնք մինչ այդ իրականացրել են թեստավորում՝ այն դեպքում, երբ այդ կենտրոնները նախարարության կողմից ունեն լիցենզիա գործելու և հետազոտություններ իրականացնելու համար:

2. Ինչո՞ւ նախարարությունը կորոնավիրուսային վճարովի թեստավորում իրականացնելու հարցում սկսել է չվստահել կորոնավիրուսի վճարովի թեստավորում իրականացնող կառույցներին՝ նշելով, որ «կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ»:

3. Եթե նախարարությունը կորոնավիրուսային թեստավորում իրականացնելու հարցում չի վստահում բժշկական կենտրոններին ու լաբորատորիաներին, որոնց լիազորել է գործունեություն ծավալել, արդյո՞ք այդ կառույցներում իրականացվող մյուս թեստավորումները վստահելի են:

4. Արդյո՞ք նախարարությունը սահմանել է որոշակի բնորոշիչներ (զգայունություն, սպեցիֆիկություն), որոնց պետք է բավարարեն լաբորատորիայի կողմից ձեռք բերվող և կիրառվող թեստերը: Եթե այո, խնդրում եմ մանրամասնել, թե որոնք են այդ բնորոշիչները; Եթե ոչ, խնդրում եմ նշել, թե ինչո՞ւ է նախարարությունը նման որոշում կայացրել:

5. Եթե մասնավոր լաբորատորիաներին նախարարությունն արգելում է կորոնավիրուսի թեստավորում անել, արդյո՞ք պետական լաբորատորիաները բավականաչափ թեստեր իրականացնելու հնարավորություն ունեն:

Քանի որ ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգը հնարավորություն էր տալիս հետևել մեր գրության ընթացքին, կարողացանք տեսնել, որ մեր հարցումը համակարգում գրանցվելուց հետո նախ հասցեագրվել էր առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նունուշյանին, ապա Ան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»  ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժ/պ Արտավազդ Վանյանին:

Լիահույս էինք,  որ արդեն այս շաբաթ կստանայինք հարցման պատասխանը, սակայն երեկ Առողջապահության նախարարության  «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանից ստացանք գրություն, որի համաձայն՝ հարցմամբ պահանջված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, այն է՝ մինչև 30 օր:

 

Ի դեպ, «ՀՀ տեղեկատվության ազատության մասին» օրենքում հստակ ամրագրված է, թե ինչ ժամկետում են պարտավոր պատասխանել գրավոր հարցումներին։ Մասնավորապես, «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Առողջապահության նախարարությանն ուղարկված մեր հարցումը մուտքագրվել է հենց մայիսի 20-ին, այսինքն՝ 5 օր անց մենք պետք է որևէ պատասխան ստանայինք նախարարությունից, սակայն միայն հունիսի 1-ին պատասխան ենք ստացել, որտեղ նշված է, որ,  ի պատասխան 2020  թվականի մայիսի  20-ի մեր հարցման՝ տեղեկացնում են, «որ պահանջված տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ», օրենքի համապատասխան հոդվածը մեջբերելով՝ նախարարությունը խոստանում է հարցերին պատասխանել մինչև 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև հունիսի   18-ը։ Կասկած չկա, որ նախարարությունն արդեն խախտել է օրենքի պահանջը։

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ այս պահին թեստավորում իրականացվում է 4 լաբորատորիայում: Ա. Նիկողոսյանը, անդրադառնալով մասնավոր ԲԿ-ներում կորոնավիրուսային թեստ հանձնած քաղաքացիների վիճակագրությանը, հայտնել էր,  որ PCR թեստերի դեպքում մասնավոր լաբորատորիաների կողմից իրականացված թե՛ դրական, թե՛ բացասական դեպքերը ներառվում են ներկայացված ընդհանուր վիճակագրության մեջ: Այսօրվա տվյալներում՝ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 10.009 է, հունիսի 2-ի դրությամբ երկրում հաստատվել է 517 նոր դեպք:

Հ.Գ. Մեր ուղղած հրատապ հարցերին պատասխանելու ժամկետն այս անգամ  մինչև հունիսի 18-ն է: Մնում է հուսալ, որ այս, առաջին հայացքից՝ պարզ ու ոչ ժամանակատար հարցերին պատասխանելու համար այս ժամանակը կբավարարի:

 

Տեսանյութեր

Լրահոս