Բաժիններ՝

«Այսօրվա դրությամբ բնական գազի պարտք ունի մոտ 112.000 բնակիչ-բաժանորդ». «Գազպրոմ Արմենիա»

«2020 թվականի ապրիլի 30-ի դրությամբ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չեն վճարել 111.944 բնակիչ-բաժանորդ»: 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝   տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Ընկերությունից պարզաբանում էինք խնդրել նաև, թե Կառավարության՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ միջոցառումների շրջանակում քանի՞ բնակիչ-բաժանորդների սպառած բնական գազի վճարի՝  համապատասխանաբար՝ 30 և 50 տոկոսն է փոխհատուցել կառավարությունը, և ինչքա՞ն է կազմել այդ գումարը:

«2020 թվականի փետրվարին սպառած բնական գազի համար 50% փոխհատուցում է տրամադրվել 215.695 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցման գումարը կազմել է 474 մլն 909 հազար 616 դրամ:

2020 թվականի փետրվարին սպառած բնական գազի համար 30% փոխհատուցում է տրամադրվել 206.136 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցման գումարը կազմել է 1 մլրդ 223 մլն 969 հազար 165 դրամ»,- նշված է ընկերության պատասխանում:

Հիշեցնենք, որ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ ծրագրով նախատեսում էր փոխհատուցել 2020 թվականի փետրվար ամսին մինչև 10.000 ՀՀ դրամ գազի սպառում ունեցող քաղաքացիների սպառած գազի գումարի 50%-ը, իսկ 12-րդ ծրագրով՝ մինչև 30.000 ՀՀ դրամի բնական գազ սպառած քաղաքացիների՝ սպառած գազի գումարի 30%-ը:

Ի դեպ, ապրիլի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ  անդրադառնալով կոմունալ վճարումների հարցին՝ ասաց, որ դադարեցված է 736 բնակիչ-բաժանորդի գազի մատակարարումը:

Ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև կոմունալ վճարների խնդրին։ Նա ասել էր, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և պարետատունը հայտարարել են, որ մինչև Արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց չվճարման դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու, և ՀԾԿՀ-ն այս իրավիճակը վճարումների իմաստով հայտարարել է ֆորս-մաժոր:

«Ինչ վերաբերում է հետագա վճարումներին, մենք, արդեն ասացի, որ սոցիալական աջակցության միջոցառումներ ենք իրականացնում, մենք կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և, ինչպես ասացի, եթե անհրաժեշտ լինի, ըստ անհրաժեշտության՝ այդ որոշումների մեջ կկատարենք անհրաժեշտ կարգաբերումներ, որպեսզի հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիներն անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվ հաղթահարել»,- նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրեր անց՝ ապրիլի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ կոմունալ վճարումների կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած՝ հիմնավորելով, որ պարետի  հայտարարած՝ գործունեության որոշ տեսակների սահմանափակումները վերացել են, վճարման համակարգերը հասանելի են, կառավարության  հաստատած միջոցառումներով սոցիալական անապահով և խոցելի խմբերի՝ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրն էլ մեղմվել է:

Նույն օրը «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն էր տարածել՝ քաղաքացիներին կոմունալ վճարումները կատարելու համար ապրիլի 22-ից եռօրյա ժամկետ տալով, միևնույն ժամանակ՝ իրազեկելով, որ վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների  գազի մատակարարումները սահմանված կարգով կդադարեցվեն: Արդեն ապրիլի 24-ին «Գազպրոմ Արմենիա»-ն հայտնել էր, որ առաջին հերթին կդադարեցվի 30.000 դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս