ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին արգելքը Կառավարությունն առաջարկում է ճանաչել ուժը կորցրած
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց Արտակարգ դրության ռեժիմն ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը երկարաձգելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ Բադասյանի՝ այս նախագծով առաջարկվում է, բացի ժամկետները երկարաձգելուց, մի շարք փոփոխություններ կատարել մարտի 16-ին ընդունված արտակարգ դրության մասին օրենքում:
Մասնավորապես՝ Կառավարության որոշման 7-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած, որը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումներին՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս:
«Հետագայում, եթե մոնիտորինգը ցույց կտա, որ ֆեյքային նորությունները լայն ծավալում են ստանում, մենք Կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել այդ սահմանափակումները»,- ասաց Բադասյանը:
Ըստ նախարարի՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է Հարկադիր ծառայությանը, և առաջարկվում է արտակարգ դրության ժամանակահատվածում կայանատեղերի համար սահմանված տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանքներ չկիրառել, իսկ ավարից հետո արգելանքները կկիրառվեն արդեն սովորական ընթացակարգով:
3-րդ փոփոխությունը վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին՝ այսուհետև հնարավոր է լինելու կամավոր և ոչ կամավոր հիմունքներով (Կառավարության որոշմամբ,- խմբ.) սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե դա բխում է արտակարգ դրության ռեժիմի նպատակների անհրաժեշտությունից, ինչպիսին կարող է դիտարկվել, օրինակ, հիվանդների կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որևէ տարածքում տեղակայելը: