Բաժիններ՝

«Որոշ ոլորտներ պետք է աշխատեն, տնտեսությունը չպետք է կանգնի, բայց պետք է  յուրաքանչյուրը պահպանի սանիտարական նորմերը». Նախկին գլխավոր թոքաբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի ևս 30 օրով, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը: Սակայն որոշ սահմանափակումներ կհանվեն: «Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեություններ կլինեն թույլատրված:

Ամբողջությամբ թույլատրված է լինելու գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծության ոլորտի գործունեությունը, հանքարդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն և սոցիալական ապահովություն, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում, ոլորտների գործունեություն, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքը: Նաև որոշում ենք կայացրել ապրիլի 13-ից թույլատրել ամբողջությամբ բացօթյա շինարարական և ծխախոտային արտադրանքների գործունեությունը»,- նշեց վարչապետը:

Առողջապահության նախարարության նախկին գլխավոր թոքաբան, վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ ուզում են սահմանափակումները հանեն, ուզում են հակառակն անեն, միևնույն է՝ պետք է յուրաքանչյուրը պահպանի սանիտարական նորմերը, անձնական հիգիենան, հակառակ պարագայում որևէ գործողություն արդյունավետ չի լինի:

«Հասկանալի է, որ որոշ ոլորտներ պետք է աշխատեն, և մարդիկ պետք է աշխատեն, քանի որ ծանր ժամանակներ են, և տնտեսությունը չպետք է կանգնի, բայց հարց է առաջանում, արդյո՞ք աշխատավայրում և աշխատավայր հասնելու ճանապարհին կպահպանվեն սահմանված կանոնները: Ես չեմ ուզում շատ քննադատաբար մոտենալ հարցին, միայն կասեմ, որ այն գործողությունները, որոնք ուղղված են մարդու առողջության պահպանությանը՝ ճիշտ են, միևնույն ժամանակ՝ այդ բոլոր գործողություններն առնվազն պետք է հավասարակշռված լինեն, որպեսզի այնպես չստացվի, որ սահմանափակումները հանեն, և արտակարգ դրության պահպանումն ու երկարաձգումն անիմաստ դառնան»,- նշեց Ա. Ոսկանյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ պետք է մեծ ուշադրություն դարձվի բժշկական գործողությունների վրա, այսինքն՝ գործածվեն նրանց մատնանշած կանոնները, որոնք այս պահին կարևոր են:

«Այս կանոնների մասին խոսում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, ուստի կարծեք թե տեղեկատվության պակաս չկա այս առումով»,- շեշտեց նա:

Հարցին՝ օրինակ, հնարավո՞ր է հագուստի մեծ խանութում պահպանել հիգիենայի կանոնները և սոցիալական հեռավորությունը, որպեսզի վիրուսը չտարածվի, Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե նախ՝ պահպանվի անձնական հիգիենան, այսինքն՝ մարդիկ իրար տեսնելիս ձեռքով չբարևեն, չգրկախառնվեն, հագուստ փոխանցելիս շատ մոտ չկանգնեն միմյանց, և այլն,  այս ամենը գոնե կբերի նրան, որ վիրուսը շատ չի տարածվի:

«Ինչպես բազմիցս արդեն ասվել է, այս վիրուսը չափազանց վտանգավոր է խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար, և հուսանք, որ նման հիվանդություններ ունեցողները սահմանափակումները վերացնելուց հետո աշխատանքի չեն գնա: Ավելին, նրանց կհորդորեմ՝ մնան տանը և կապ պահպանեն իրենց բուժող բժշկի հետ: Մենք տեսանք, որ վիրուսի հետևանքով մահացածներն ունեցել են այս կամ այն խրոնիկ հիվանդությունը, այդ պատճառով էլ նրանց աշխատանքի դուրս գալը վտանգավոր կլինի»,- հավելեց նա:

Մեր զրուցակիցը  դժվարացավ գնահատական տալ, թե մինչև այժմ կորոնավիրուսի դեմ տարվող պայքարն ինչպես է ընթացել, սակայն նկատեց, որ, եթե ի սկզբանե լուրջ քայլեր ձեռնարկվեին, ապա այսօր նման վիճակ չէր լինի:
«Այն ժամանակ, երբ Իտալիայից ինքնաթիռով մարդիկ եկան Հայաստան, հենց այդ ժամանակ պետք է խիստ ռեժիմ կիրառվեր, և նրանք մեկուսանային, որպեսզի վարակը չտարածվեր: Ամեն դեպքում, այս հարցերին շատ չեմ ուզում անդրադառնալ, միայն կհորդորեմ, որպեսզի մարդիկ շատ խիստ պահպանեն հիգիենայի կանոնները»,- եզրափակեց Անդրանիկ Ոսկանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս