Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը հրավիրված են Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց իր ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
«Հանձնաժողովը լսել է բազմաթիվ մարդականց և հիմա խնդիր է դրել, որպեսզի լսի 2016 թվականի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին: Ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն է հրավիրված հանձնաժողովում հարցերին պատասխանելու: Եվ ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել: Հիմա աշխատանքի ժամկետը երկարացվել է մինչև հունիս ամիսը: Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչև այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել: