«Այն ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, ի ցույց են դնում պետության քաղաքական կայացվածությունը». Ալեն Սիմոնյան

Աշխարհում իրավիճակը շատ արագ փոխվում է թե՛ դեպի լավը, թե՛ դեպի վատը, և մենք հաճախ ականատես ենք լինում տարբեր գերտերությունների ղեկավարների իրարամերժ հայտարարությունների` մեկ ժամվա, մեկ շաբաթվա ընթացքում: Իսկ այսօր, փառք Աստծո, Արցախում չկա կորոնավիրուսի որևէ դեպք գրանցված, և Արցախի իշխանությունները կգտնեն այն մեխանիզմը, տարբերակը, որը կկանխի վտանգը, և կկազմակերպվի նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Արցախում հայտարարեց հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դա կլինի Արցախի իշխանության, ժողովրդի որոշումը, որը մենք կընդունենք և կենթարկվենք»,- շեշտեց նա:

Արդեն իսկ տեղի ունեցած ընտրությունները կայացած համարելու վրա կազդի՞ արդյոք միջազգային դիտորդների բացակայությունը. այս հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այն ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում ոչ առաջին անգամ, ի ցույց են դնում պետության քաղաքական կայացվածությունը, ինչպես նաև Արցախի` որպես Հանրապետություն:

«Հաճախ շեշտվում է ԵԽԽՎ-ի հայտարարությունը, որն իբր փաստարկ է բերվում, բայց մոռանում են, որ երբևիցե չի եղել հայտարարություն, որտեղ իրենք ճանաչել են Արցախի ընտրությունները: Վստահ եմ, որ այս ընտրությունները ևս որևիցե պարագայում կասկածի նշույլ չեն ունենալու և չեն կարող ունենալ»,- ընդգծեց Սիմոնյանը` հավելելով, որ, եթե ընտրական գործընթացի, կազմակերպվածության և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների համեմատականներ են անցկացնում տարածաշրջանի երկրներում տեղի ունեցածների հետ, գալիս են այն եզրահանման, որ Արցախի այս ընտրությունները հաստատ շատ ավելի լավն են` չհաշված Վրաստանինն ու Հայաստանինը:

«Եվ այդ առումով անհանգստանալու բան չունենք, լեգիտիմության խնդիր՝ ևս»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը` ակնարկելով, որ, եթե անգամ միջազգային դիտորդներ լինեին մեծ թվով, դա կտրուկ փոփոխությունների չէր բերելու:

Տեսանյութեր

Լրահոս