«Բոլոր տվյալները՝ կլինեն անձնավորված թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո». Ռուստամ Բադասյան

«Քանի որ շահարկումները բավական շատ են եղել, և ելույթների պատճառով ընդհանրապես առաջին օրը քննարկումները բոլորովին այլ ուղիով էին ընթանում, կրկին անդրադառնամ, թե ինչի մասին չի նախագիծը»,- անդրադառնալով կոնտակտավորներին հեռախոսի միջոցով տեղորոշելու մասին աղմկահարույց օրենքին՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա վստահեցրեց՝ օրենքը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ, և այն իրականացնելը տեխնիկապես էլ հնարավոր չէ.

«Այն, ինչ որ կարգավորվում է նախագծով, տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել կամ բովանդակությանն այլ կերպ ծանոթանալ՝ կլինեն դրանք կարճ հաղորդագրություններ թե հեռախոսազանգեր: Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքներին համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում է կիրառվելու, այսինքն՝ արտակարգ դրությունից հետո որևէ նման սահմանափակում հնարավոր չի, որ շարունակի գործել: Ավելին՝ սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով»:

Անդրադառնալով հավաքագրվող տվյալներին՝ Ռ. Բադասյանը հավելեց. «Բոլոր տվյալները՝ կլինեն անձնավորված թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կամ համապատասխան միջոցառման ավարտից հետո, եթե դա ավելի վաղ կլինի, քան արտակարգ դրության ավարտը»:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ֆիքսել հեռախոսազանգերը կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին գտնելու համար, տեղորոշել նրանց տեղադիրքն ու տեղաշարժը։

Երեկ ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցել ԱԺ քաղաքական մյուս ուժերը, քանի որ, նրանց պնդմամբ՝ իրենց ԱԺ աշխատակազմն ուշ է տեղեկացրել նիստի մասին:

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրինագիծը:

Տեսանյութեր

Լրահոս