Բաժիններ՝

Վարպետի հետ «ճակատամարտ» գնալը մեծագույն պատիվ էր. ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

«Օթելլո», «Ռոմեո», «Պեպո», «Արա Գեղեցիկ», «Արշակ թագավոր», «Կորիոլան»… Հայ թատրոնի մեծ վարպետ Խորեն Աբրահամյանը, որն իր համոզիչ խաղով գերել է ոչ միայն հայ, այլև արտերկրի հանդիսատեսի սրտերը, ապրիլի 1-ին կդառնար 90 տարեկան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանը, որը սովորել է Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, ասաց, թե ինքն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել լինել Աբրահամյանի սիրելի ուսանողներից մեկը: «Մեծ հնարավորություն էր մոտիկից տեսնել վարպետին, լսել նրա շնչառությունը, նրա ձայնի ելևէջները, իմաստուն խոսքը: Նրանից անընդհատ կարելի էր սովորել… Սովորել լռել, կարողանալ լսել, լինել ճշմարիտ, կարևորել խոսքը, կառավարել մարմինը, նայել դիմացինի աչքերի մեջ և չվախենալ: Սրանք մեր մասնագիտության կարևոր բաղադրիչներն են, որոնք հետո պետք է ինձ ուղեկցեին բեմում իմ ամբողջ կյանքի ընթացքում»,-նշեց դերասանը:

Մարգարյանի խոսքով՝ Խորեն Աբրահամյանը բարձր էր գնահատում նախ և առաջ թատրոնը սիրող մարդուն, արվեստագետին, որովհետև ինքն այդպիսին էր: «Նրա սերը դեպի իր մասնագիտությունն ու թատրոնն այնքան մեծ էր, որ այն փոխանցվում էր շրջապատին: Նա իր ամբողջ էությամբ թատրոն էր՝ «մարդ­թատրոն»: Աբրահամյանը սիրում էր բեմը, և բեմն էլ փոխադարձ սիրով տրվում էր նրան՝ նրա բոլոր քմահաճույքներին տալով վեհություն, հնարավորություն նվաճելու սրտեր, շոյել մարդկանց մտքերն ու հոգին և դառնալ նրանց երազների ասպետը: «Բեմ դուրս գալը ճակատամարտի է նման. կա՛մ կհաղթես, կա՛մ կպարտվես»: Աբրահամյանի այս խոսքերը մինչև հիմա ինձ հետ են: Դա է պատճառը, որ ես բարձր պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ մասնագիտությանը: Հայրենիքի համար կռվող զինվորի պես, ինչպես կցանկանար հենց ինքը՝ մեր «զորավարը», որի հետ ճակատամարտ գնալը մեծագույն պատիվ էր, և ամենակարևորը՝ այն մեծ հավատ էր ներշնչում, որ անպայման հաղթանակով ենք վերադառնալու»,-շեշտեց Արմեն Մարգարյանը:

Խորեն Աբրահամյանը ծնվել է Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում: 1951 թվականին ընդունվել է Մայր թատրոն, որտեղ կերտել է հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներ: 1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է «Հացավան», «Ջոն արքա», «Անավարտ մենախոսություն» և այլ ներկայացումներ:

Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների, հրաշալի կերպարներ կերտել կինոյում: Նկարահանվել է «Առաջին սրո երգը», «Սարոյան եղբայրներ», «Մենք ենք, մեր սարերը» և մի շարք այլ ֆիլմերում:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս