Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանի հայցը՝ ընդդեմ ԱԱԾ-ի և Հ1-ի

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել փաստաբան Արամ Օրբելյանի ներկայացրած  հայցը՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության և Հանրային հեռուստաընկերության:

Արամ Օրբելյանը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:

Հայցադիմումի հիմքում 30.01.2020-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության «Լուրեր»-ի գլխավոր թողարկման մեջ ներառված «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» խորագրով ռեպորտաժում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացված այն տեղեկությունն է, որ Արամ Օրբելյանը սահմանված կարգի խախտմամբ 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար մուտք է գործել ՀՀ ՍԴ վարչական շենք, ինչը, ըստ Օրբելյանի, չի համապատասխանում իրականությանը:

Փաստաբանի դիտարկմամբ` ինքը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ՀՀ ՍԴ վարչական շենք մուտք չի գործել,  առավել ևս՝ ընդհանրապես որևէ պետական կամ մասնավոր տարածք մուտք գործելիս չի խախտել որևէ կիրառելի պահանջ:

Հայցվոր Արամ Օրբելյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել պատասխանողներ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հանրային հեռուստաընկերության եթերով հրապարակայնորեն հերքել նույն լրատվական միջոցով տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Ինչպես նաև «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ՝ հօգուտ հայցվոր Արամ Օրբելյանի, բռնագանձել 2.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, և պատասխանող՝ Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության՝ հօգուտ հայցվոր Արամ Օրբելյանի, բռնագանձել 2.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ թողարկման հեռարձակումից հետո  և դատական հայց ներկայացնելուց առաջ Արամ Օրբելյանը հարցումներ էր ուղարկել և ԱԱԾ, և Հանրային հեռուստաընկերություն՝ նշված պնդումների համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները ստանալու համար, որպեսզի հնարավոր լինի իրավական պաշտպանություն հայցել ինֆորմացիայի առաջնային աղբյուրի դեմ, սակայն երկու պատասխանողներն էլ չեն տվել որևէ պարունակական պատասխան:

Տեսանյութեր

Լրահոս