Օրենքի նոր նախագծով վերահսկվելու է Արարատյան դաշտում իրականացվող ստորգետնյա ջրերի հորատումները. նախարար
Այսօր Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Ջրային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի Կառավարության հեղինակած նախագիծը, որով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական կարգը:
«Ջրային օրենսգրքով արդեն նախատեսված էր, որ ստորգետնյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ է լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ո՞ւմ միջոցներով և ինչպե՞ս պետք է ձեռք բերվեն այդ սարքավորումները:
Այս փոփոխությամբ այդ հարցը կարգավորվում է: Արդեն մշակված է Կառավարության համապատասխան որոշումը, որով կսահմանվեն առանձնահատկությունները: Նախագծի կարևորությունը կապված է նրա հետ, որ այն թույլ է տալու այսուհետև վերահսկելու Արարատյան դաշտում իրականացվող հորատումները, ստորգետնյա ջրերի մասով և օրենքի նախագիծն ընդունելուց հետո պարզ կլինի՝ արդյո՞ք այդ հորատումներն օրենքին համապատասխան են իրականացվում, թե՞ ոչ»,- նշեց նախարարը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նախարարից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց պետք է ձեռք բերվեն սարքավորումները, ի պատասխան, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ օրենքի նախագծով նախատեսված է, որ առցանց սարքավորումների տեղադրումը պետք է իրականացվի նման գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հարց ուղղեց, թե ե՞րբ է թվայնացվելու Հայաստանում ջրային ռեսուրսների ոլորտը, այդ ուղղությամբ ունե՞ն ռազմավարություն:
Պատասխանելով պատգամավորի հարցին, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նախարարությունում ստեղծվել է ջրային ռեսուրսների կառավարման կադաստր, որտեղ ներառված են և՛ ջրօգտագործման թույլտվությունները, և՛ ջրահեռացման նորմերը, որոշ տեղերում էլ ներդրվել են առցանց վերահսկման համակարգեր:
«Այսօր ձկնաբուծական ընկերություններում 19 առցանց վերահսկման համակարգեր կան, և մենք կարողանում ենք տեսնել ջրառի քանակը: 2018 թվականից արդեն ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման ծավալները վերհսկելու նպատակով տեղադրվեց ջրօգտագործման հաշվիչները և այսօր ավելի քան 80-90 տոկոսն ունեն այդ հաշվիչ կայանները, այսինքն՝ հնարավոր է տեսնել ջրօգտագործումը: Բայց խնդիրը բաշխված է մի քանի գերատեսչություններում, այսինքն՝ Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատու է ջրօգտագործման թույլտվություն տալու համար, հիդրոմետը, որը տրամադրում էր ջրային առկա ռեսուրսների վերաբերյալ տվյալներ, դրանից հետո գործողությունների որոշ մասն իրականացնում է Ջրային կոմիտեն և որոշակի վերահսկողական գործառույթ իրականացնում է տեսչական մարմինը»,- շեշտեց Էրիկ Գրիգորյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2021 թվականի բյուջետային հայտում, որպես նոր նախաձեռնություն ներկայացնելու են ջրային ռեսուրսների համապարփակ նոր ռազմավարության մշակման աշխատանքները, որը Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ռազմավարությունն է լինելու: