Մարուքյանը նախարար Բադասյանին հիշեցրեց՝ 2008 թ. արտակարգ դրության ժամանակ կառավարությունը փող է տվել անգամ վառված և թալանված խանութների տերերին
Երբ ես խոսում եմ արտակարգ դրության ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակների և պետության ստանձնած պարտավորությունների հարցի մասին, ենթադրում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է արդեն ունենա վերլուծություն մասին, թե տնտեսության որ հատվածներն են խոցված: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ռեստորաններ, գեղեցկության սրահներ, հյուրանոցային բիզնես, տրանսպորային ծառայություններ. սրանք ծառայությունների ոլորտն են կազմում և հեղափոխությունից հետո մեծ շեշտադրում կար նրանց վրա: Հիմա լինում է հայտարարություն, որ այս ընկերությունները կարող են իրենց պարտավորությունների առումով զիջումների գնել»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունը բավարար չէ, այժմ պետք է պետությունը նաև դիրքորոշում հայտնի, որ կողմերը չմարված պարտավորությունների մասով պետք է կարողանան միմյանց հետ հասնել համաձայնության, որպեսզի մեկ էլ չստացվի իրավիճակ, որ այդ խնդրի լուծումը մեկ էլ սկսեն գտնել դատարաներում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև տարեցների համար գնումներ կատարելու հատուկ ժամերի սահմանմանը և նշեց, որ նման անհատական մոտեցում պետք է պետությունը գտնի նաև խոցելի խմբերի համար:
«Խոցելի խմբի մարդկանց համար էլ պետք է մի բան մտածել, որ նրանք կարողանան աշխատանքի չներկայանալ և դրա արդյունքում չտուժել»,- ասաց Մարուքյանը:
Ի պատասխան Մարուքյանի այս առաջարկների՝ նախարար Բադասյանն ասաց, որ պետությունը չի կարող բոլորին փոխհատուցում տալ և դիտարկում է միայն հատուկ խմբերին տրվող աջակցության հարցը:
Ի պատասխան էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ 2008 թվականին հայտարարված արտակարգ դրության ժամանակ պետությունն անգամ փոխհատուցել է վառված, ջարդված և թալանված խանութներին, փող է տվել իրավաբանական անձնանց:
«Այսինք, նախադեպ ունենք և այն այժմ կարող ենք կիրառել տուժածների համար»,- ասաց Մարուքյանը: