Արցախի իշխանություններին կոչ ենք անում նույնպես արտակարգ դրություն հայտարարել, և, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հետաձգել մարտի 31-ին նախատեսված ընտրությունները . «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ներկայումս ընթանում է նախընտրական բավական լարված քարոզարշավ, որը աչքի է ընկնում մասնակից թեկնածուների և կուսակցությունների բազմազանությամբ ու ընտրողների բարձր քաղաքական ակտիվությամբ։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը նախկինում արդեն հայտնել է և ներկայումս էլ վերահաստատում է իր աջակցությունը թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը՝ որպես Արցախի Հանրապետության պետականության շարունակական զարգացման և միջազգային ճանաչման կարևոր նախադրյալ։

Միևնույն ժամանակ, այս ընթացքում աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ֆորս մաժորային իրադարձություններ, որոնք կարող են էապես անդրադառնալ Արցախի Հանրապետությունում ընտրությունների արդյունավետության վրա։ Մասնավորապես, COVID-19 վիրուսով պայմանավորված համաճարակը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, և նախորդ օրվա դրությամբ պաշտոնապես արդեն ախտորոշվել է 194 վարակակիր։ Համաճարակի սրընթաց գլոբալ տարածումը նաև բերել է նրան, որ ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը աշխարհի բազմաթիվ երկրների հետ։

Թեև Արցախի Հանրապետության տարածքում այս պահին դեռևս վարակակիրներ չեն հայտնաբերել, այնուամենայնիվ հաշվի առնելով վիրուսի թաքնված բնույթը և Հայաստանի Հանրապետության հետ ինտենսիվ հաղորդակցությունը՝ վիրուսի հետագա տարածումը Արցախում որևէ կերպ հնարավոր չի բացառել։
Այս պայմաններում, Արցախի Հանրապետությունում ընտրությունների անցակումը նախատեսված ժամկետներում հղի է ազգային անվտանգության համար էական վտանգներով։ Նախ, քվեարկության գործընթացը ենթադրում է մեծ մարդկային կուտակումներ, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում վիրուսի արագ տարածման համար։ Երկրորդ, դիտորդական առաքելությունների ժամանումը Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից պարունակում է համաճարակի ներկրման անկառավարելի վտանգներ, որոնք էլ ավելի են մեծանում, հաշվի առնելով, որ դիտորդները քվեարկության օրը պետք է տեղում շփվեն բազմաթիվ ընտրողների և ընտրական հանձնաժողովների անդամների հետ։ Մյուս կողմից, մեծ է նաև հավանականությունը, որ այս պայմաններում դիտորդական առաքելությունների զգալի մասը կհրաժարվի ժամանել Արցախի Հանրապետություն, իսկ դա լուրջ հարցականի տակ կդնի ընտրությունների միջազգային լեգիտիմությունը, մասնավորապես, երբ հիմնական մրցակիցներների միջև պայքարի ելքը բավական անկանխատեսելի է։ Ավելին՝ եթե նախագահական ընտրությունները չավարտվեն առաջին փուլով, և Արցախի Հանրապետության տարածքում համաճարակային իրավիճակն այդ ընթացքում բարդանա, այն կարող է ստեղծել էլ ավելի խրթին դրություն, երբ երկրորդ փուլ անցած թեկնածուների միջև նոր ընտրություն անցկացնելը տեխնիկապես անհնար դառնա։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում Արցախի Հանրապետության իշխանություններին, չսպասելով իրավիճակի հնարավոր բարդացմանը, Արցախի Հանրապետության տարածքում ևս համաճարակի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել և դրանով պայմանավորված՝ դիտարկել մարտի 31-ին նախատեսված ընտրությունների հետաձգման հնարավորությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը պատրաստ է իր համակողմանի աջակցությունը տրամադրել Արցախի Հանրապետության իշխանություններին՝ համաճարակային վիճակի կայունացումից հետո թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման գործում, ինչպես նաև իր ուժերի սահմաններում օժանդակել Հանրապետության տարածքում համաճարակի կանխարգելման հետ կապված աշխատանքներին»։

Տեսանյութեր

Լրահոս