Բաժիններ՝

Ոնց որ վերցնես՝ սուպերմարկետը փակես․ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը՝ այն փակելու մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ահազանգում է, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան:

«Փակ տարածքում վարակվելու ռիսկերը չափազանց մեծ են: Առևտրականները բողոքում են տնօրենի համառության պատճառով, պահանջում են, որ պարետը որոշի փակել շուկան»,- գրել է պատգամավորը։

Քաղաքացիների փոխանցմամբ՝ առևտրի կենտրոնը երեկ փակ է եղել, իսկ այսօր՝ բաց։

«Մայրս «Փեթակ»-ում   է աշխատում, արդեն երկու օր է՝ տանն է, ամսի 15-ից ուղարկել են տուն»,- գրել էր բնակիչներից մեկը։ Մյուսն էլ, թե՝ «Փեթակի» տնօրինությունը, ինչպես կարգն է՝ փակել էր առևտրի կենտրոնը, դրանք մի քանի անգիտակից և ագահ առևտրականներ են, որ փողը կյանքից առավել են դասում։

168.am-ին «Փեթակ» առևտրի կենտրոնից հայտնեցին, որ իրենք այսօր աշխատում են։

Հարցին՝ մինչև ե՞րբ են աշխատելու, պատասխանեցին, որ դեռ հայտնի չէ։

Մենք տեղեկություն էինք ստացել, որ բաց է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնը։

Տնօրեն Իրինա Մադաթովան  մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով․«Առևտրի կենտրոնն աշխատում է, ուղղակի այնտեղ նաև առևտրի տուն կա, դա ենք փակել, որովհետև այն փակ տարածք է։ Բաց տարածքում աշխատում են, այսինքն՝ ընդհանուր շուկան աշխատում է, ուղղակի այդ 4 հարկանի շենքն ենք փակել, մինչև երկուշաբթի տեսնենք, թե ինչ է լինելու։ Տոնավաճառն աշխատում է, ամբողջությամբ փակելու կարիք չկա, մեզ մոտ բաց տարածք է, հաճախորդներն էլ քիչ են, այնպես չէ, որ 20-30 հոգով լցվում են մի խանութ։ Ոնց որ վերցնես՝ սուպերմարկետը փակես։ Մեզ մոտ սնունդ, տնտեսական ապրանքներ են առկա, որոնց պահանջը կա»։

Հավելենք, որ ստեղծված իրավիճակից ելնելով և կորոնավիրուսը կանխելու նպատակով Երևան քաղաքում գործող «Երևան մոլը», «Դալմա մոլը», «Ռիո մոլը», «Մեգա մոլը» մարտի 15-ին հայտարարեցին, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց աշխատանքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս