Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը կասկածներ ունի, որ այսօրվա դատական նիստը միտումնավոր չի կայացել

Ինչպես առավոտյան տեղեկացրել էինք, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով  դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պաճառով տեղի չունեցավ:

Իսկ այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պետք է ներկայացներ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ թիմի անդամները ներկայանալու են դատարան, նշելով, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի, ուստի անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։

Նախապես նախատեսված ժամին փաստաբանները դատարանի դահլիճում էին և հենց դատարանի դահլիճից ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով ներկայացնում էին դատական նիստերի դատարկ դահլիճը:

Մոտ մեկ ժամ դատարանի դահլիճում մնալուց հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ պատշաճ տեղեկացում չի համարում հեռախոսով իրենց զանգելն ու ասելը, որ դատական նիստը տեղի չի ունենալու:

Ալումյանի գնահատմամբ, եթե խնդիրն այն է, որ նիստի տեղի չունենալը պայմանավորված է դատավորի բացակայությամբ, ապա կա՛մ պետք է պաշտպաններին գրավոր տեղեկացնեին, կա՛մ պաշտպանական կողմը պետք է գար դատական նիստերի դահլիճ, և նիստերի քարտուղարը կամ որևէ այլ պաշտոնատար անձ հենց նիստերի դահլիճում նրանց պետք է տեղեկացներ դատական նիստի չկայանալու պատճառը:

«Մենք եկանք էստեղ, որպեսզի նիստերի քարտուղարից կամ որևիցե իրավասու մեկից լսենք, թե ինչու դատական նիստը տեղի չի ունեցել: Մենք համբերատար սպասում էինք որոշ ժամանակ, մինչև որ մեզ մեկը կտեղեկացնի, թե ինչ է կատարվում: Կարգադրիչներին խնդրել էինք, որպեսզի իրենք տեղեկացնեն դատարանի կազմին, որ մեզ ինչ-որ ձևով բացատրեն՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ալումյանի վկայությամբ՝ այդ ընթացքում անգամ դատարանի աշխատակիցներից մեկը փորձել է նիստերի դահլիճից դուրս հրավիրել  փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանին, որպեսզի բացատրի նիստը չկայանալու պատճառը:

«Նիստերի քարտուղարը թե դատավորի օգնականը փորձեց պարոն Խուդոյանին էստեղ՝ դահլիճից դուրս, ինչ-որ առանձին խոսակցության հրավիրել, որպեսզի պարոն Խուդոյանին բացատրի, թե ինչու դատական նիստը տեղի չի ունենալու: Դա ձև չի, դա քաղաքակիրթ և օրինական ընթացակարգ չի բացատրություններ ներկայացնելու համար»,- ասաց Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ այն ընթացքում, երբ իրենք դատարանի դահլիճում են եղել, կարգադրիչների միջոցով իրենց տեղեկացրել են, որ որևէ մեկը չի պատրաստվում իջնել դատարանի դահլիճ,  Ալումյանի բնորոշմամբ՝ գուցե  «պատվից ցածր համարեցին»:

Դրանից հետո փաստաբանները սկսել են ինչ-որ կերպ ուշադրություն հրավիրել իրենց վրա, հարվածել սեղանին, Միհրան Պողոսյանն անգամ նստել էր դատավորի համար նախատեսված աթոռին, Հովհաննես Խուդոյանն էլ՝ դատախազների համար նախատեսված աթոռին, քանի որ, ինչպես Ալումյանն ասաց լրագրողների հետ զրույցում, այն, ինչ  տեղի էր ունենում՝ անհարգալից վերաբերմունք էր իրենց նկատմամբ:

Հենց դրանից հետո նիստերի դահլիճ էր եկել դատարանի  պատասխանատու  անձ ներկայացած մեկը, որն էլ  փաստաբաններին փոխանցել էր, թե ինչու դատական նիստը տեղի չի ունենալու: Դրանից հետո փաստաբանները, խնդիրը սպառված համարելով, դուրս եկան նիստերի դահլիճից:

Այդուհանդերձ, Ալումյանը դատական նիստը չկայանալու մեջ որոշակի միտումներ է տեսնում՝ կապված այսօր դատարանում ՀՀ  և ԱՀ նախկին վարչապետների՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորությունը ներկայացնելու հանգամանքով:

«Շատ լուրջ հարցեր են առաջանում, և մենք հաջորդ դատական նիստին պահանջելու ենք, որպեսզի դատարանն ավելի մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք որ ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ է բուժում ստացել, որ մենք կարողանանք հաստատ համոզվել, որ էս ամեն ինչը չի արվել զուտ էն բանի համար, որպեսզի հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնար:  Մենք ունենք որոշ կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որպեսզի հետագայում այդ 4 երաշխավորներից մեկ-երկուսը հանրապետությունում չլինեն»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

https://news.am/arm/videos/32966.html?fbclid=IwAR28azoIi9jjm7jMxLfT9YFJo5KH7zsACDVYy4D1cRT9sraMe4_I0_0hrgM

 

Տեսանյութեր

Լրահոս