Արմեն Թավադյանի գործը դատարան ուղարկելը հանցավոր գործունեություն կլինի իրավապահ մարմինների կողմից. փաստաբան
Թե՛ կալանավորման օրերին, թե՛ այսօր, երբ Արմեն Թավադյանն արդեն ազատության մեջ է, և՛ Թավադյանը, և՛ նրա պաշտպանական խմբի ներկայացուցիչները պնդում են, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
«Սխալ ընկալում կա, որ քաղաքական հետապնդում կարող է իրականացվել այն անձանց նկատմամբ, ովքեր զբաղվում են ակտիվ քաղաքականությամբ: Քաղաքական հետապնդման կարող է ենթակա լինել ցանկացած անձ, ում նկատմամբ հետապնդումը կարող է ինչ-որ չափով օգնել որոշակի քաղաքական գործընթացների: Օրինակ, եթե որևէ անձի հետապնդումը կարող է թեկուզ նույն իշխանություններին քաղաքական դիվիդենտներ բերել, անկախ նրանից՝ այդ անձը երբևէ քաղաքականությամբ զբաղվե՞լ է, թե՞ ուղղակի ինչ-որ խմբի ներկայացուցիչ է, որի նկատմամբ որոշակի քաղաքականություն կա, դա նույնպես տեղավորվում է քաղաքական հետապնդման շրջանակներում»,- ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկեր Արմեն Թավադյանը մոտ 80 օր կալանքի տակ մնալուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ արձակվեց: Դատախազությունը դատարանի որոշումից հետո Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց ստորագրությունը երկրից չբացակայելու մասին:
Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ ի սկզբանե գործը շատ թերություններ է ունեցել, դրանցից յուրաքանչյուրը բավարար է եղել քրեական հետապնդումը դադարեցնելու և կալանք չկիրառելու համար: Ավելին, փաստաբանը հիշեցնում է, որ երկու անգամ Ա. Թավադյանի կալանքի միջնորդությունը քննարկել է «մի դատավոր, որի անունը շատ բան է ասում»:
Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի գործով նախաքննությունն ավարտվել է, և այս պահին դատախազությունում է, որտեղ քննարկվելու է մեղադրական եզրակացություն տալու/չտալու և գործը դատարան ուղարկել/չուղարկելու հարցը:
«Հույս ունեմ, որ դատախազության մեր գործընկերներն այնքան հեռատես կլինեն, որ նման որակի, նման մակարդակի քրեական գործը չեն ուղարկի դռնբաց քննության: Դատախազին էլ ասել եմ, որ ակնկալում եմ, որ այս գործով պետք է շուտափույթ կարճում լինի, որովհետև հակառակը դուրս է գալիս ցանկացած տրամաբանությունից ու հակառակն ուղղակի, մեր գնահատմամբ, հանցավոր գործունեություն է արդեն իրավապահ մարմինների կողմից»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Արմեն Թավադյանի դիրքորոշմամբ՝ այն փաստը, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, իր շուրջ ծավալվող իրադարձություններին տալիս է քաղաքական կոմպոնենտ, ինչն էլ Թավադյանին առիթ է տալիս ենթադրելու, որ իր նկատմամբ առաջիկայում ևս կլինեն նոր քրեական գործեր հարուցելու փորձեր:
«Կա կարծիք, ու ես կիսում եմ այդ կարծիքը, որ սենց հանգիստ ամեն ինչ չի անցնելու իմ համար: Հնարավոր ա՝ շուտով ինչ-որ նոր փորձեր ա լինելու նոր քրեական գործերի: Ես կուզեի հայտարարել, որ դա լրիվ անիմաստ գործողություններ ա, ես մնալու եմ իմ ուղու վրա»,- ասաց Արմեն Թավադյանը:
«Պատկերացնում եմ, որ պարոն Թավադյանի ազատ արձակումը հեշտ չի մարսվելու, հեշտ չի ընկալվելու այն կառույցների կողմից, այն պետական մարմինների կողմից, ովքեր այս պրոցեսի հեղինակն են հանդիսանում, ու նոր գործողություններ, ենթադրում եմ, սկսվելու են, ու պարոն Թավադյանը ու մենք, ամբողջ խմբով, պատրաստ ենք նման գործողությունների, որովհետև համոզմունք ունենք, որ պարոն Թավադյանը երբևէ հակաիրավական գործողություն չի կատարել»,- հավելեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: