Զեյթունի ոստիկանները 10-ից ավելի գողության դեպքեր են բացահայտել
Մարտի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը վարչական տարածքի բուժհաստատություններից մեկում գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` օգտվելով աշխատասենյակների դռները բաց լինելու հանգամանքից` գողացել են բժիշկներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, զեղչի ու բանկային քարտեր, մյուսի պայուսակն էին տակնուվրա արել ու հարմար բան չգտնելով` հեռացել:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկեց անհարժեշտ միջոցառումներ. դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:
Մարտի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, քրեական հետախույզները և ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Անդրանիկի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սեբաստիայի փողոցի 43-ամյա մի բնակչի:Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը 2020 թվականի հունվարից մարտի 6-ը Հրազդան քաղաքի և Երևանի տարբեր վարչական շրջանների բուժհաստատություններում, տոնավաճառներում ու խանութներում տասնյակից ավելի անձնական ունեցվածքի գողություններ է արել` գողանալով բջջային հեռախոսներ, դրամապանակներ ու պայուսակներ:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: