Հայաստանը տեղեկատվական դաշտում շարժվում է կարծրատիպերով
«Վերջին ժամանակներս հարևան Ադրբեջանում զորավարժություններից և ռազմական տեխնիկայի նոր գնումներից ու հրապարակային ցուցադրումներից հետո Հայաստանում ոչ մի պատասխան գործողություններ չեն ձեռնարկվում»,- 168.am-ին հայտնեց նախկին բարձրաստիճան զինվորական Ա. Ն.-ն՝ չցանկանալով գաղտնազերծել իր անունը: Ստորև մեջբերում ենք նրա մտորումները.
«Երբ ամբողջ աշխարհում ժամանակակից զարգացումները տեղի են ունենում տեղեկատվական պատերազմների քողի ներքո, ապա Հայաստանում դեռևս շարժվում են խորհրդային ժամանակներից ժառանգած կարծրատիպերով և թույլ պատկերացումներ ունեն տեղեկատվական զարգացումների վերաբերյալ:
Մինչդեռ Ադրբեջանը բաց չի թողնում յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթ՝ ի ցույց դնելու և գովերգելու իր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Իսկ հարց է առաջ գալիս՝ բա մենք ի՞նչ ենք անում: Մենք ունենք էլ ավելի լուրջ ռազմական տեխնիկա, նույնիսկ այնպիսի նմուշներ, որից տարածաշրջանում ոչ մի երկիր չունի և դժվար թե ձեռք բերի մոտ ապագայում: Հերիք եղավ շարժվել հին մեթոդներով ու «յոթ փակի տակ» պահել մեր զինանոցում եղած հզոր միջոցները:
Մենք սխալ ուղիով ենք գնում և չենք ուզում բացահայտել մեր նորագույն լուրջ սպառազինությունը, իսկ եղածն էլ պատշաճ մակարդակի չի ներկայացվում:
Օրինակ՝ «Սկադ» հրթիռային համալիրները ՀՀ զինված ուժերում առկա էին վաղուց, բայց միայն 2011թ. զորահանդեսին ցուցադրվեցին: Իսկ «Թայֆուն», «Սմերչ» և «Իսկանդեր» համալիրների հնարավորությունների ներկայացումը ընդհանրապես կարելի է համարել ուշացած և անբավարար…
Ի դեպ, վերջերս զինված ուժերը տարբեր երկրներից ձեռք են բերել շատ ու շատ ժամանակակից զինատեսակներ, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կողմից արտադրվել են մի շարք նորագույն նմուշներ, որոնցից շատերը չունեն նույնիսկ արտասահմանյան նմանակներ: Փառք աստծո, ձիրքով օժտված տաղանդավոր մասնագետների պակաս չունենք, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչում բազմիցս համոզվել եմ տարբեր միջոցառումների ընթացքում: Հարկ եմ համարում փոխել մոտեցումները և գնալ ժամանակակից մարտահրավերներին համահունչ, ինչը մեզ հետագայում կապահովագրի հնարավոր անախորժություններից: Պատիվ ունեմ»: