Դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնվեցին

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ վերականգնվեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:

«Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ 8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու դիմումը բավարարել մասնակի:

ԲԴԽ 14.02.2019թ. թիվ ԲԴԽ 8-Ո-Կ-04 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, վերացնել: Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում»,- որոշումը հրապարակելով՝ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

ԲԴԽ-ն իր որոշմամբ մերժել է Արայիկ Մելքումյանի պահանջի մյուս՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասը:

ԲԴԽ որոշմամբ՝ Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի սկիզբ է համարվելու ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռք բերելու պահը և նրան վճարելով մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով գումար, որը պետք է պակաս չլինի օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափից:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել էին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները: ԲԴԽ-ն նման որոշում էր կայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացրած միջնորդությունը քննելուց հետո՝ Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Ըստ ԲԴԽ պաշտոնական հաղորդագրության՝ կարգապահական վարույթի պատճառն ուժի մեջ չմտած դատական ակտին Արայիկ Մելքումյանի կողմից կատարողական թերթ տալն է եղել։

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնելուց հետո Արայիկ Մելքումյանը դիմել էր Սահմանադրական դատարան: 2019 թվականի նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որը դրվել էր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման հիմքում, ճանաչել էր Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

ՍԴ որոշումը որպես նոր հանգամանք հիմքում դնելով՝ Արայիկ Մելքումյանը դիմել էր ԲԴԽ՝ 2019 թվականի փետրվարի 14-ին կայացրած որոշումը վերացնելու, իր լիազորությունները Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու և պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս