Նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները կվերականգնվե՞ն
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել էին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները: ԲԴԽ-ն նման որոշում էր կայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացրած միջնորդությունը քննելուց հետո՝ Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ըստ ԲԴԽ պաշտոնական հաղորդագրության՝ կարգապահական վարույթի պատճառն ուժի մեջ չմտած դատական ակտին Արայիկ Մելքումյանի կողմից կատարողական թերթ տալն է եղել։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնելուց հետո Արայիկ Մելքումյանը դիմել էր Սահմանադրական դատարան: 2019 թվականի նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որը դրվել էր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման հիմքում, ճանաչել էր Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
ՍԴ որոշումը որպես նոր հանգամանք հիմքում դնելով՝ Արայիկ Մելքումյանը դիմել էր ԲԴԽ՝ 2019 թվականի փետրվարի 14-ին կայացրած որոշումը վերացնելու, իր լիազորությունները Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու և պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վերադարձնելու համար:
Արայիկ Մելքումյանը դատական նիստին ներկա չէր: Նրա լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Դիանա Գրիգորյանը տեղեկացրեց, որ Արայիկ Մելքումյանը ՀՀ-ում չի գտնվում:
«Որևէ տեղեկություն չունեմ գտնվելու վայրի մասին և այդ մասով լիազորված էլ չեմ որևէ տեղեկություն ներկայացնելու»,- ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի՝ Մելքումյանի գտնվելու վայրի մասին հարցին ի պատասխան՝ ասաց Դիանա Գիգորյանը:
Մեսրոպ Մակյանի տեղեկությամբ՝ Արայիկ Մելքումյանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում: ԲԴԽ անդամը հետաքրքրվեց՝ արդյո՞ք փաստաբանն իր վստահորդի կացության կարգավիճակի մասով որևէ տեղեկության տիրապետում է:
«Չեմ կարծում, որ կացության կարգավիճակ ունի, հակառակ դեպքում ես այդ փաստի մասին տեղեկություն կունենայի»,- ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը:
Փաստաբանի խոսքով՝ լիազորությունները վերականգնելուց հետո Արայիկ Մելքումյանը պատրաստ է վերադառնալ ու անցնել իր լիազորությունների կատարմանը:
Նիստի ընթացքում ԲԴԽ անդամներն անդրադարձան նաև այն հանգամանքին, որ Արայիկ Մելքումյանը սնանկ է ճանաչված և ունի մոտ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք պարտավորություններ:
Տեղեկացնենք, որ Արայիկ Մելքումյանը սնանկ է ճանաչվել 2019 թվականի հուլիսին, բայց սնանկության վարույթը դեռևս ավարտված չէ:
ԲԴԽ անդամ Գարեգին Բեքմեզյանի հարցին, թե արդյո՞ք դատավորը, որը սնանկ ճանաչված է, որն ունի պարտավորություններ, կարող է լինել անաչառ, օբյեկտիվ դատավոր և կարող է աշխատել որպես դատավոր, Դիանա Գրիգորյանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ դատավորի ֆինանսական պարտականությունները չեն զրկում դատավորին օբյեկտիվ և անաչառ լինելուց:
Ըստ փաստաբանի, եթե չլինեին ոչ իրավաչափ գործողություններ, այն է՝ չդադարեցվեին Արայիկ Մելքումյանի լիազորությունները, ամենայն հավանականությամբ, այսօր նման հարցադրումներ չէին հնչեցվի:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արայիկ Մելքումյանի փաստաբան Դիանա Գրիգորյանն ասաց, որ իր ու վստահորդի կարծիքով՝ Մելքումյանի լիազորությունների դադարեցումը պայմանավորված է եղել տարիներ առաջ այսօրվա վարչապետի ընտանիքին պատկանող թերթի՝ «Հայկական Ժամանակի» դեմ կայացրած որոշման հետ: Այդ որոշմամբ դատավոր Մելքումյանը «Հայկական Ժամանակ»-ին պարտավորեցրել էր վճարել 3 միլիոն դրամի չափ տուգանք:
«Իշխանափոխությունից հետո առաջին գործընթացը, որ տեղի ունեցավ, եղավ Արայիկ Մելքումյանին պաշտոնավարումից զրկելը: Նրան պաշտոնավարումից զրկեցին մի արարքի համար, որը մեկ այլ դատավոր կատարել էր, ու ընդամենը նկատողություն էին տվել Մելքումյանի նկատմամբ որոշումը կայացնելիս մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 7-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դիանա Գրիգորյանը՝ հավելելով, որ այլ դիրքորոշում լինել չէր կարող, որովհետև երբ համեմատում են նույնական փաստական հանգամանքները, այն էլ այն դեպքում, երբ այն դատավորի կայացրած որոշումը բավական ծանր հետևանքներ էր առաջացրել, ու նա միայն նկատողության էր արժանացել, այլ եզրակացություն անել չեն կարողանում:
ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի փետրվարի 27-ին: