Բաժիններ՝

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը կվերսկսի իր գործունեությունը

Հեղափոխությունից հետո դադարեցվել էր «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Պատճառը Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:

Երիտասարդ գիտնականները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը վերսկսում է իր գործունեությունը:

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի արդեն նախկին ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանն էլ նշեց, որ ընթացակարգը դեռևս պարզ չէ:

«Նոր հիմնադրամ չի ստեղծվել: Գիտության պետական կոմիտեի միջոցով է լինելու գործընթացը: Որպես ֆինանսական խողովակ՝ կոմիտեն է հանդիսանալու: Հանձնաժողով կստեղծվի՝ բաղկացած երիտասարդներից, գումարը կփոխանցի կոմիտեն, ու իրենք այն կտնօրինեն, ոչ թե նախկինի նման կփոխանցեն ինչ-որ հիմնադրամի: ԿԳՄՍ նախարարի հրամանն առայժմ  չկա, կազմը՝ նույնպես, դրա համար դեռ վաղ է մանրամասների մասին խոսել»,- մանրամասնեց Արթուր Մովսիսյանը:

Հավելենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցութային հանձնաժողով (ղեկավար մարմին) կազմելու նպատակով հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել գիտահետազոտական կազմակերպություններում աշխատող/սովորող մինչև 36 տարեկան անձինք: Հարցազրույցի փուլի արդյունքում կընտրվեն մրցութային հանձնաժողովի անդամները, որոնք աշխատելու են կամավորական հիմունքներով: Մրցույթին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ մեկ էջ): Որպես նամակի վերնագիր՝ նշել Member։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020թ. մարտի 2-ն է:

Ավելի վաղ 168.am-ը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք այս հարցին որևէ լուծում գտնվել է:

«Չեմ կարող ասել, որ 100 միլիոն դրամն այնպիսի մեծ գումար է, որ հանկարծ եթե չլինի՝ հայկական գիտությունը դրանից կործանվելու է, ինչպես իրենք են ներկայացնում:  Այդպիսի բան չկա: Երիտասարդական ծրագրերի քանակով և որակով Հայաստանի չափ ծրագրեր ԱՊՀ ոչ մի երկիր չի անում: Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, բայց հետևյալ ձևով. գոյություն ունեն համապատասխան մշակված կարգեր, որոնցով իրականացվում են մրցույթներ:

Պետական բյուջեի գումարները հասարակական կազմակերպությանը տալու իրավունք չունեմ, որպեսզի իրենք ինչպես ցանկանան՝ ծախսեն: Դեմ չենք, որ այդ երիտասարդական կառույցի անդամները գան, մասնակցեն մրցույթի, լինեն հանձնաժողովի անդամներ: Այս դեպքում գումարը կտրամադրենք, որպեսզի ինչ-որ ձևով կարողանան որոշակի մենեջմենթ ապահովել: Կարող ենք քննարկել,  որոշակի ձևաչափ ընտրել, որը հարմար կլինի և՛ իրենց, և՛ մեզ, և մեծ հաճույքով պատրաստ ենք աշխատել. համագործակցել»,- նշել էր ՀՀ գիտության կոմիտեի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս