«Պետք չէ փնտրել կոմպրոմիս ցեղասպանի և ցեղասպանվողի միջև». Լարիսա Ալավերդյանը՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին

«Մի ասեք, որ այն տարածքները, որոնք մենք վերամիավորել ենք Արցախին, դրանք զուտ անվտանգության գոտի են». «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջ քաշած այն թեզին, թե «չկան տարածքներ, կա անվտանգություն»: Ալավերդյանը պնդում է՝ կան և՛ տարածքներ, և՛ անվտանգություն, և նշում, որ դեռ 1991 թվականին պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ իրենք  հավաքագրել են Արցախի հիմնահարցի պատմաիրավական հիմքերը։

«Եթե ինքը կոչում է այդ տարածքները զուտ անվտանգության գոտի, դա նշանակում է, որ նա չի ընդունում, որ այդ տարածքները երբևէ չեն պատկանել Ադրբեջանին միջազգային իրավունքի կոռեկտ առումով: Բոլոր այն հայտարարությունները, որ ազատագրված և վերամիավորված հողերը կոչում են զուտ անվտանգության գոտի, տանում է նույն փակուղին, որ տարել է 1991-92 թվականներին»,- ասաց Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը առաջարկում է դատապարտել ամենաբարձր մակարդակներում արվող այն հայտարարությունները, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հողեր հանձնել, կամ վաճառել.

«Հարիր չէ պետական բարձր մակարդակով նման բան ասել: Լավ, օրինակ, մերոնք ուզում էին, Ադրբեջանին ինչի՞ տեղ եք դրել, չունեի՞ն 5 մլրդ, որ տային՝ առնեին, գոնե դրանով մերժեք այդ նախադասությունը: Գուցե եղել են բանակցություններ, քննարկել են, բայց միայն առաջին նախագահն է ասել՝ «Եթե չտանք՝ վատ ենք ապրելու, Սերգո ջան»:

Անընդհատ կրկնվող այն պնդմանն ի պատասխան, թե նախկինները վատ ժառանգություն են թողել Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, Ալավերդյանն առաջարկում է մերժել դրանք և ստեղծել նորը:

«Ժառանգությունը վա՞տն է, մերժե՛լ, մերժի՛ր և դա: Մերժի՛ր Մադրիդյան սկզբունքները, մշակենք նորը, բայց ոչ Մյունխենյան, չնայած վարչապետն ասաց՝ անունը պայամանական եմ դրել, և դա հակակշիռ չէ Մադրիդյան պիղծ սկզբունքներին: Ասա՝ մերժում եմ»:

Առաջ քաշվող կետերից մեկն էլ այն է, թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի  Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ալավերդյանը հիշեցնում է՝ Արցախի անվտանգությունը կայացել է ցեղասպանական վտանգի ներքո.

«Պետք չէ փնտրել կոմպրոմիս ցեղասպանի և ցեղասպանվողի միջև, լսե՞լ եք, որ հրեաների և նացիստների միջև 1945 թվականից հետո փնտրեն կոմպրոմիս, ո՛չ։ Ովքեր որ կատարել են Ցեղասպանությունը, կանչվել են պատասխանատվության և պատժվել են, նրանք երկիր են ստացել։ Փաստորեն՝ մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ մեղավոր ենք, որ թույլ չենք տվել, որ մեզ սպանեն մեր տներում: Չհասկացանք: Հայտարարություններ կան շատ հայտնի ինստիտուտների կողմից, որ երկրորդ անգամ 20-րդ դարում ցեղասպանության վտանգը կախվել է հայ ժողովրդի վրա»։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ մինչև այժմ շարունակվող գործողություններն էլ ցեղասպանություն են, շարունակությունն են 1915թ.-ի,  աշխարհին սրա ճիշտ ներկայացումը կարող է պատճառ դառնալ, որ ընդունվի Արցախի անկախությունը:  «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահը սխալ է համարում այն բնորոշումը, թե Արցախը  պայքարում է ինքնորոշման իրավունքի համար.

«Արցախը չի պայքարում ինքնորոշման իրավունքի համար: Արցախն ինքնորոշված է վաղուց: Պարսկական կայսրության ներքո նա ինքնորոշած է եղել, ուներ կիսաանկախ կարգավիճակ։ Իսկ 1918-20 թվականներին նա չի ենթարկվել Ադրբեջանին, Ադրբեջանը ստիպված է  եղել Ազգային խորհրդի հետ ունենալ պայմանագրային հարաբերություններ, և դրանք բոլորը կան: Սովետական Միությունը նրան տվել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Դա ճանաչում է նրա ինքնորոշման իրավունքը։ Մենք ոչ թե պետք է խոսենք, որ Արցախը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար, այլ արդեն իրավունքը ձեռք բերած Արցախի դեմ Ադրբեջանը դուրս է եկել զենք ու զրահով, դա բոլորովին ուրիշ կոնցեպտ է»,- ասում է նա։

Տեսանյութեր

Լրահոս