Նախընտրական «ֆալստա՞րտ», թե՞ ատելության քարոզ
Այսօր երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը գնալով ավելի ինտրիգային է դառնում, ինչն ընդհանուր առմամբ ձեռնտու է միայն իշխանություններին: Իշխանությունները համարում են, որ իրենք ճիշտ քայլեր են անում, որովհետև շատերն իրենց հետ համաձայն են, ավելին, իրենք ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից մանդատ են ստացել:
Մի բան փաստ է․ պետության ներսում տեղի ունեցող ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի իր մտածողությամբ ու կատարած քայլերով: Այդպես էր նախկինում, այդպես է հիմա և միշտ՝ իշխանությունն է պատասխանատվություն կրողը:
Այն, ինչ տեսանք Հանրային հեռուստաընկերության եթերում, 1 ժամից ավելի տևողությամբ մակերեսային զրույց էր՝ զուրկ որևէ խորքային բովանդակությունից և հստակ ասելիքից։ Նիկոլ Փաշինյանն այդ կերպ փորձեց անդրադարձ կատարել երկրի ընդհանուր հարցերին՝ քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, սակայն հարցազրույցը ցույց տվեց, որ նա Հանրայինի շրջանակներում սկսել է հանրաքվեի քարոզարշավը։
Այդ հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց Նիկոլ Փաշինյանի՝ պետական գործիչ չլինելու փաստի մասին, քանի որ, անկախ նրա զսպվածության փորձերից, ակնհայտ էր, որ դժվարությամբ է ճիգեր գործադրում իր համար ատելի երևույթների ու անձանց մասին տեսակետներ արտահայտելիս, ինչն ատելության հերթական դրսևորման մասին է խոսում։
ՀՀ-ում ատելության խոսքի ջատագովն ու առաջին կիրառողը Նիկոլ Փաշինյանն է։ Այս երկու տարիների ընթացքում նրա հրապարակային բազմաթիվ հայտարարությունները դրա վառ ապացույցն են:
Անձամբ Փաշինյանն է ստեղծում այն հայհոյախառը բառապաշարը, որն այսօր կիրառվում է քաղաքական դաշտում և սոցցանցերում։ Հանրայինի եթերում նրա հարցազրույցը հերթական անգամ վկայեց այն մասին, որ նորմալ ու կառուցողական եթերը, որտեղ կհնչեն համերաշխություն ու ազգային արժեքներ քարոզող մտքեր, բնավ «ժողվարչապետի» համար չէ․ նրա համար ավելի կոմֆորտային է ճղճղոցներով ու տարբեր տիպի հաթաթաներով, «Կարգին սքեթչերից» արվող մեջբերումներով պրիմիտիվ փողոցային կերպը։
Ակնհայտ է, որ ատելության խոսքն ահագնացող չափերի է հասել: Այնպիսի չափերի, որ խաթարում են պարզ մարդկային հարաբերությունները: Իսկ մեզ նման փոքր երկրի համար սև-սպիտակի բաժանումները, ատելության նման խոսքի և վերաբերմունքի դրսևորումները չափազանց վտանգավոր են:
Պաշտոնատար անձանց, պատգամավորների, նաև մտավորականության միջոցով պետք է տարածել այն միտքը, որ ատելության խոսքով երկրում որևէ խնդիր չի լուծվում: Հակառակը՝ այդ խնդիրները ավելի են բարդանում և խրթին դառնում: Ավելին՝ ատելության խոսքով ոչինչ, որևէ դրական բան չի կառուցվում: Հնարավոր է՝ ատելության խոսքի չափից շատ տարածումը հասարակության ներսում այնպիսի խնդիրներ առաջացնի, որ հետագայում հնարավոր չլինի դրանց դեմն առնել: Այս իշխանության կրեդո հանդիսացող ատելության քարոզն իր գաղափարական կլիշեն ստացավ ֆեյքային հարձակումների ու վիրտուալ տիրույթում հայհոյանքի ու սպառնալիքի քարոզի տեսքով։ Հենց օրվա իշխանություններն էին, որ առանձին ֆեյքային բանակի միջոցով փորձում էին սոցցանցերում խաղալով՝ հանրության մոտ ստեղծել տարբեր իմիտացիաներ ու իշխանահաճո օպերացիաներ։ Փաստն այն է, որ այսօր հասարակությունը գտնվում է անցումային փուլում, և արտաբերած յուրաքանչյուր խոսք կարող է առաջացնել շատ անկանխատեսելի հետևանքներ:
Ներկայումս հայաստանյան իրականությունում տիրող ռիսկային մթնոլորտը հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, և մարդիկ հաճախ դեժավյուներ են ապրում։ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ունեն հստակ պատասխան՝ «կա հանրային պահանջ»։ Պարզապես հիշենք, որ 1918-ին բոլշևիկները ծայրահեղ դաժանությամբ գնդակահարեցին ցարական ընտանիքը, և շատերը կային, ովքեր կողմ էին այդ երևույթին: Դրանից հետո, երբ ժողովրդի թշնամի որակելով՝ կուլակաթափ էին անում մարդկանց, շատերը դարձյալ ցնծության մեջ էին: Իսկ երբ տարբեր անվանումներով գործերի շրջանակներում` «բժիշկների գործ», «գեներալների գործ» և այլն, ձերբակալվում, բանտարկվում կամ գնդակահարվում էին հազարավոր մասնագետներ, պրոֆեսիոնալ զինվորականներ, կադրային գեներալներ, մտավորականներ, շատերն ասում էին՝ «ճիշտ են անում, բա ժողովրդի թշնամի են, հեղափոխության հակառակորդ են»:
Արմեն Հովասափյան