«Անվան հետ կապված՝ ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ ձեզանից եմ լսում». Լիլիթ Մակունցը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ անդամ դառնալու լուրերի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժվարացավ պատասխանել հարցին, թե հանրաքվեի օրը բավարար չափով մարդ կգնա՞ ընտրատեղամասեր, թե՞ ոչ, ապա պարզաբանեց, որ հենց այդ նպատակով էլ իր քաղաքական թիմը փորձում է այնպիսի քարոզարշավ անել, որով կկարողանան քաղաքացիներին համոզել, որը ճիշտ է ընտրատեղամաս գնալը և դիրքորոշում հայտնելը։
«Մեր քարոզարշավը լինելու է ակտիվ, հուսան՝ք դա կանդրադառնա նաև մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությանը»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ակտիվ ներգրավված է լինելու քարոզարշավին, առավել մանրամասն կներկայացնի «Այո»-ի շտաբի ղեկավար, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։
Թե ինչո՞ւ է շտաբը ղեկավարում Պապիկյանը, Մակունցը պատասխանեց, որ նախորդ ընտրություններում շտաբը գլխավորել է նա, և իրենք հաջողություն են գրանցել, ուստի տրամաբանական է, որ այս անգամ ևս այդ գործը վստահվել է նրան։
Հաջորդ հարցին՝ եթե «Այո-ն հաղթի, և ՍԴ 7 դատավորները գնան, ովքե՞ր են նրանց փոխարինելու, հատկապես, որ վերջին օրերին շրջանառվում է Գագիկ Ջհանգիրյանի անունը, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ չի կարող ասել, թե այդ պաշտոնի համար ովքեր են դիտարկվում, քանի որ դրանից չի կարող տեղյակ լինել՝ դա իրենց լիազորությունների տիրույթում չէ։
«Անվան հետ կապված՝ ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- շեշտեց Լ. Մակունցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում