Կորոնավիրուսը խոչընդոտ չէ: Մարտին Apple-ը թողարկելու է նոր iPhone
Բայց ներկայիս մոդելների մատակարարումը զգալիորեն կնվազի:
Գերմանական iphone-Ticker պորտալը հերքել է վերջին շրջանում տարածված լուրերը` կորոնավիրուսային բռնկման պատճառով Apple-ի գարնանային ներկայացման հնարավոր փոփոխման վերաբերյալ: Հրապարակման համաձայն՝ նոր iPhone 9-ը կներկայացվի մարտի 31-ին, իսկ վաճառքում այն կհայտնվի ապրիլի 3-ին, ամեն ինչ պլանավորված է:
Սակայն Apple-ը հայտարարեց iPhone ներկա մոդելների մատակարարման ուշացումների մասին։ Դրա պատճառը կորոնավիրուսն է և դրա հետևանքով ընկերության մի շարք գործարանների աշխատանքի դադարումը։
Թերևս, Apple-ը որոշել է կրճատել ներկայիս սմարթֆոնների մատակարարումը, որպեսզի ժամանակին թողարկվի նոր iPhone-ը: Այս մոդելը, որպես մատչելի լուծում, պետք է մեծ պահանջարկ ունենա, հատկապես՝ զարգացող տնտեսությունների շուկաներում:
Եթե հավատանք վերջին պատկերներին, ապա նոր արտադրանքը պետք է նման լինի iPhone 8-ին․ այն կունենա վերին և ներքևի ավանդական շրջանակներ, Touch ID մատնահետքերի սկաներ և հետևի մեկ ֆոտոխցիկ: Դիսփլեյի անկյունագիծը կլինի սովորական՝ 4,7 դյույմ: Սմարթֆոնը պետք է աշխատի A13 չիպի հիման վրա՝ լրացված 3 ԳԲ հիշողությամբ: IPhone 9-ի նախնական գինը 399 դոլար է։
Ավելի վաղ, կորոնավիրուսով իրավիճակի սրման պատճառով, MWC շարժական տեխնոլոգիաների խոշորագույն ցուցահանդեսը չեղարկվեց: Այն պետք է անցկացվեր փետրվարի վերջին Բարսելոնայում:
Սիրարփի Աղաբաբյան