Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ. նախատեսված է մանրամասն աշխատանք զորամասերում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Արցախ:
Ինչպես հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:
Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ:
«Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորում է բոլորին Արցախի վերածննդի օրվա առիթով» ասված է հաղորդագրության մեջ: