Վարչապետը Մոնումենտում կառուցված տների համար չի բացառում անցումային արդարադատության գործիքների կիրառումը
2018 թվականի նախընտրական գործընթացի ժամանակ ես ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է 2.5 միլիարդ դոլարի հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության համար, մասնավորապես՝ Զինված ուժերի մարտունակության և սպառազինության բարձրացման համար, իսկ այդ 2.5 միլիարդից 1.5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի և գողացված միջոցների վերադարձման արդյունքում։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հատուկ քննչական ծառայությունն իր գոյության 11 տարվա ընթացքում միայն այս տարի 7 անգամ ավելի շատ գումար է վերադարձել պետական բյուջե։
Փաշինյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ կարող են դարձնել հակակոռուպցիոն օրենսդրությունը բարելավելու դեպքում, քանի որ հիմա իրենք հաճախ կանգնում են օրենսդրական խնդիրների առջև։
«Տեսեք՝ նույն ապօրինի օտարված հողերի վրա կառուցվել են շենքեր, և հիմա գալիս և ասում են, թե՝ այս ապօրինի շինություններն օրինականացրեք։ Պարզվում է՝ նախկինում օրենսդրությունը գրվել է այնպես, որ հիմա քաղաքապետարանը չունի տարբերակ այդ տները չօրինականացնելու։ Պարո՛ն Բադասյան, նայե՛ք այս հարցը, եթե պետք է մենք այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառենք և գնանք առաջ, որովհետև դա ուղղակի արհամարհանք է հանրային կարծիքի և ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հարց ուղղելով Արդարադատության նախարարին, թե ի՞նչ պետք է անել։
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ խնդրին ծանոթ չէ և պետք է ծանոթանա՝ հասկանալու համար, թե ինչ լուծումներ կան։
Նախարարին ի պատասխան՝ վարչապետը հրահանգեց այս խնդրով խորհրդակցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։