«Այս գործընթացը տեղի է ունենում իրավական բեսպրեդելի ճանապարհով». Էդմոն Մարուքյանը՝ հանրաքվեի մասին
«Մենք անդադար ասել ենք, որ պատրաստ ենք դիմելու Սահմանադրական դատարան, թե ինչ խախտումներ են արվել, ըստ էության հրապարակել ենք նաև դիմումի կմախքը: Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնելու, բայց համապատասխան ստորագրություններ «Լուսավոր Հայաստանը» չունի, ուստի այդ հարցը, կարծում եմ՝ փակված է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ ՍԴ դիմելու հարցին:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ միշտ ասել են, որ Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, և Հայաստանը պետք է ունենա ժողովրդավարական Սահմանադրություն: Այդ փոփոխություններին հասնելու համար, ըստ Մարուքյանի, տարբեր նախագծեր են բերել ԱԺ, սակայն բոլորն էլ մերժվել են: Իշխանական մեծամասնությունն էլ ասել է, որ Սահմանադրական բարեփոխումների համար հանձնաժողով կձևավորեն և փոփոխություններն այդ հանձնաժողովով կանեն, բայց այսօր երբ ձևավորվել է հանձնաժողովը, որոշել են հանրաքվե անցկացնել ժողովրդի միջոցով՝ընդամենը մեկ հոդված փոխելու համար:
«Իշխանությունը վայելում է Սերժ Սարգսյանից ժառանգած համակարգը, բայց համաձայն չէ, որպեսզի, օրինակ՝ Հրայր Թովմասյանն աշխատի Սահմանադրական դատարանում: Այս օրերին փորձ է արվում մեզ դարձնել նրա պաշտպանը, բայց դա, բնականաբար, չի ստացվելու: Հեղափոխությունից հետո Հ. Թովմասյանը պետք է հրաժարական տար ու գնար՝ բարոյական իմաստով եմ ասում: Բայց իրավական առումով այս գործընթացը խոցելի տեղ չունի, այդ պատճառով էլ Սահմանադրության այդ հոդվածն են ուզում փոխել»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև ընդգծեց, որ իրենց համար անհասկանալի է, եթե իշխանությունն ուզում է հարցը լուծել քրեական գործերով, ապա տեսնում են, որ քրեական գործերի ճանապարհի կեսին կանգնած են, հետո ցանկանում է գնալ ՍԴ դատավորների կենսաթոշակների համակարգի ճանապարհով՝ կրկին ճանապարհի կեսին կանգնած են, այժմ էլ գնում է հանրաքվեի:
Մարուքյանի տվյալներով՝ այսօր ՍԴ դատավորներ են եղել ԱԺ-ում՝ բանակցությունների նպատակով:
«Մենք ասում ենք՝ հանրաքվեն ամբողջովին ապօրինի է, ծայրից ծայր հակասահմանադրական է, դրա համար էլ փորձել ենք մեր ունեցած գործիքակազմով ասել, որ ապօրինի է: Դրանից հետո ասել ենք, որ ունեն 88, կներեք՝ 89 մանդատ, այս խորհրդարանում այդ հոդվածը փոխեք, 3,5 մլրդ դրամ մի ծախսեք և ՀՀ քաղաքացիներին մի հանեք տեղամասեր ուղարկեք՝ մեկ հոդված փոխելու համար: Մեր փաստարկները չեն լսել, իբրև թե ժողովրդավարության «սոուսներով», փորձում են ասել, թե սա ժողովրդավարության հարց է, բայց ժողովրդավարությունից խոսողները չպետք է մոռանան, որ այն նաև օրինականություն է, այս գործընթացն ընթանում է իրավական բեսպրեդելի ճանապարհով»,- շեշտեց Մարուքյանը:
Նա նաև նկատեց՝ այս ամենից զատ, նաև հարց է առաջանում, թե ովքեր են լինելու ճամբարները, քանի որ իշխանությունը սպասում է ճամբարների, որպեսզի իր մարտակառքերով, ատելության քարոզիչների բանակներով գնա և այդ ճամբարները վերացնի: Այս համատեքստում «Լուսավոր Հայաստանն» այն կարծիքին է, որ հակասահմանադրական հանրաքվեի, հակասահմանադրական գործողություններում չպետք է լինի հակառակ ճամբար, պետք է լինի միայն «Այո»-ի ճամբար, քանի որ իշխանություններին պետք է, որպեսզի լինեն մարդիկ, որոնք կիրականացնեն «Ոչ»-ի քարոզ, և սպասում է, որպեսզի նրանց ասի, թե Սերժ Սարգսյանին են պաշտպանում, ելույթներ ունենա, որից բոլորն արդեն հոգնել են: