Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի. Վարդան Այվազյան

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է շատ խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին՝ հանգեցրել է քաղաքական ճգնաժամի: Ճգնաժամի պատճառը, ըստ սահմանադրագետի՝ նախկինում գործող Սահմանադրության «նենգափոխումն» է, իսկ այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչների մոտ Այվազյանը նկատում է սեփական գործառնական առաքելության չգիտակցում և պետականության վերաբերյալ գիտելիքների պակաս, ինչի արդյունքում ճգնաժամն էլ ավելի է խորանում:

«Եթե խոսում ենք պետականության մասին, ապա հակամարտությունը, կոնֆլիկտը պետք է լինի պետական ինստիտուտների միջև, այսինքն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները մեկ թիմ են, մյուս կողմում դատական իշխանությունը ներկայացնող Սահմանադրական դատարանն է: Մեր երկրում հակամարտության լուծումը ինստիտուցիոնալ մակարդակից վերածվում է միջանձնային հակամարտության»,- նկատում է սահմանադրագետը:

Վարդան Այվազյանը իրողությունն ավելի պատկերավոր ներկայացնելու համար պետությունը համեմատեց ընտանիքի հետ, որտեղ ընտանիքի որդիների միջև կա հակամարտություն (որդիները պայմանականորեն իշխանության թևերն են): Այվազյանի խոսքով՝ ամենապարզ տրամաբանությամբ՝ որդիների միջև հակամարտությունը պետք է լուծի ընտանիքի, գերդաստանի մեծը, որը պետության դեպքում՝ հանրապետության նախագահն է:

«Մեր Սահմանադրության մեջ գրված է՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այստեղ այս թնջուկը լուծելու գործում ամենաառաջին և ակտիվ դերակատարը պետք է լիներ հանրապետության նախագահը, ինչը մենք տեսնում ենք, որ բացարձակապես չկա»,- ասաց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ, եթե նախագահը ոչ մի քայլ չձեռնարկի, ապա խնդրի լուծման համար վարչապետը և ԱԺ-ն պետք է դիմեն նախագահին՝ նրան ստիպելու, պարտադրելու, որ նա խնդրի լուծման համար միջոցներ ձեռնարկեր, օրինակ, հրավիրեր կոնֆլիկտի կողմերին և ուղիղ եթերով քննարկման ժամանակ կողմերին հնարավորություն տար ներկայացնել իրենց դիրքորոշումները:

«Հիմա կոնֆլիկտի մի կողմը անընդհատ ներկայացնում է իր դիրքորոշումները, բայց, օրինակ ես, երբևէ չեմ լսել Հրայր Թովմասյանից, որ նա հիմնավորի, թե ինչու է այնպես արել, որ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնի մինչև 2035 թվականը: Եվ ինստիտուցիոնալ քննարկումների բացակայության պարագայում, ամբողջ գործադիր և օրենսդիր իշխանությունը՝ իրենց լծակներով հանդերձ, անընդհատ ռմբակոծում են  Հրայր Թովմասյանին և ՍԴ-ն, նրանց ըստ էության դարձնելով հալածյալներ և զոհեր»,- ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը:

Վարդան Այվազյանը ԱԺ նախորդ օրվա որոշումը, որի համաձայն՝ Սահմանադրությունում փոփոխության նախագիծը պետք է դրվի հանրաքվեի, հակասահմանադրական է համարում: Սահմանադրագետը դա պարզաբանում է  ԱԺ կանոնակարգ օրենքով և Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ կետով և 202 հոդվածով:

«Սահմանադրության մեջ այն փոփոխությունները, որոնք կատարվում են միայն ԱԺ կողմից, ԱԺ-ն պետք է առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ուղարկի Սահմանադրական դատարան, ՍԴ-ն դրական որոշում կայացնելուց հետո ետ է ուղարկում, որտեղ 2-րդ ընթերցումից հետո պետք է ուղարկվեր նախագահին, որպեսզի ստորագրի և ուժի  մեջ մտնի: Եթե երկրորդ ընթերցմամբ 2/3 ձայներ չի հավաքում ԱԺ-ն, ապա պատգամավորների 3/5-ով որոշում են կայացնում նախագիծը դնել հանրաքվեի»,- պարզաբանեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ ընթացակարգի համաձայն՝ նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ չընդունվելու դեպքում շրջանառությունից պետք է դուրս գա:

Ըստ  Այվազյանի՝ առաջին ընթերցումը չանցնելուց հետո Սահմանադրությունում փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելը վկայում է Սահմանադրության և օրենքների կամայական մեկնաբանության մասին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս