Գիտնականները պարզել են, թե որքան կանայք են դժգոհ իրենց կրծքի չափից
Կանանց ավելի քան 70 տոկոսը դժգոհ է իր կրծքի ձեւից ու չափերից: Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որը բրիտանացի գիտնականների կողմից անցկացվել է 40 երկրների գրեթե 20 հազար կանանց շրջանում: Այդ մասին հայտնել է Անգլիա-Ռասքին համալսարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Body Image հանդեսը։
Բուհի պրոֆեսոր Վիրեն Սվամին եւ նրա գործընկերները մի քանի տարի առաջ կազմակերպել էին Breast Size Satisfaction Survey նախագիծը, որի շրջանակում փորձել են պարզել, թե տարբերվում են արդյոք իդեալական կրծքի վերաբերյալ երիտասարդ աղջիկների եւ կանանց պատկերացումները:
«Մեր գլխավոր բացահայտումներից մեկն այն էր, որ կրծքերի չափերի հետ կապված մտահոգությունները պակասում են կանանց տարիքի աճին համեմատ: Հնարավոր է, որ իդեալական կուրծք ունենալու ցանկությունն ավելի քիչ է ճնշում հասուն տարիքի կանանց: Մյուս կողմից՝ հավանական է նաեւ այն, որ մայրությունը ստիպում է նրանց այդ օրգանին նայել ավելի շատ ֆունկցիոնալ, այլ ոչ թե էսթետիկական տեսակետից»,- Սվամիի խոսքը մեջբերում է համալսարանի մամուլի ծառայությունը: Նախագծի շրջանակում կազմակերպված հարցմանը մասնակցել են եվրոպական, ասիական, ամերիկյան եւ աֆրիկյան 40 երկրների գրեթե 20 հազար բնակչուհիներ՝ 19-ից մինչեւ 94 տարեկան: Գիտնականները կանանցից հետաքրքրվել են, թե նրանք գոհ են արդյոք իրենց կրծքից եւ, եթե ոչ, ապա ինչ կերպ կցանկանային այն փոխել:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանանց մոտավորապես 70 տոկոսը դժգոհ է իր կրծքից եւ կցանկանար այն փոխել: Հարցվածների մոտավորապես կեսը կցանկանար մեծացնել դրա չափերը եւ փոխել ձեւը, իսկ եւս 23 տոկոսը՝ փոքրացնել: Կանանց միայն 31 տոկոսն է կարծում, որ իրենք նման խնդիր չունեն: Դրա հետ մեկտեղ ցուցանիշները մեծապես տարբերվել են տարբեր երկրների ներկայացուցչուհիների համար: Օրինակ, Գանայից կանանց կեսից պակաս մասն է տառապել նման բարդույթներից այն դեպքում, երբ Չինաստանում, Ճապոնիայում եւ Հնդկաստանում հարցմանը մասնակցած կանանց միայն 10-18 տոկոսն էր կարծում, որ իրենք կրծքի հետ կապված խնդիր չունեն: Համանման տարբերություններ են եղել նաեւ այն հարցում, թե որքանով է տարբերվել իրական եւ ցանկալի ձեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: