Սահմանադրության փոփոխության նախագիծը ոչ այլ ինչ է, քան ՍԴ դատավորների նկատմամբ իրականացվող հերթական սթրես-թեստ՝ ուղղված «հորդորելու» ներկայացնելու կենսաթոշակի անցնելու դիմումները. Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրության փոփոխության նախագիծը և Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրականացվող հերթական սթերս-թեստ՝ ուղղված «հորդորելու» նրանց ներկայացնելու վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու դիմումները։
Փաստաբան գործընկերներս կհամաձայնվեն, որ այս օրերին օրենսդիր մարմնում իրականացվող հակաիրավական գործընթացը շատ նման է վերջին մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից իրականացվող «տարերային խուզարկություններին», երբ հաճախ չունենալով որևէ ապացույց պոտենցիալ մեղադրյալի դեմ՝ նրա բնակարանում ու աշխատասենյակում իրականացվում են խուզարկություններ՝ փորձելով հոգեբանական ճնշումներ գործադրել վերջինիս հանդեպ։
Ներկայացնելով դատավորներին համար սոցիալական որևէ երաշխիք չնախատեսող Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավորներին «հորդորում են»՝ ներկայացրեք ազատման դիմումներ և օգտվեք վաղաժամկետ կենսաթոշակի օրինագծով նախատեսվող սոցիալական երաշխիքներից։
Այո, ամենայն հավանականությամբ Սահմանադրության փոփոխության նախագիծն այսօր ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սակայն հասկանալով միջազգային կազմակերպություններից սպասվելիք կոշտ արձագանքը և գիտակցելով խորհրդարանական ընդդիմության և Հանրապետության նախագահի հնարավոր հակաքայլերը՝ իշխանությունները հաստատապես ձեռնպահ են մնալու Սահմանադրության փոփոխության նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու համար արտահերթ նիստ հրավիրելուց»։