«Էրեբունի ավիաբազան ուսումնական թռիչքներ է իրականացրել». Տավուշի մարզպետը հերքում է ինքնաթիռի վայր ընկնելու մասին լուրերը
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքում է համացանցում վերջին ժամերին ակտիվորեն շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Ենոքավանում ինքնաթիռ է վայր ընկել կամ պայթյուն է որոտացել: Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում մարզպետ Չոբանյանն ասաց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական «Էրեբունի» ավիացիոն բազան այսօր ուսումնական թռիչքներ է իրականացրել շուրջ 30 ավիացիոն տեխնիկայի ներգրավմամբ և 100 զինվորների մասնակցությամբ: Ըստ նրա, ընտրվել է Լոռի-Տավուշ տարածաշրջանը, քանի որ ուսումնական թռիչների համար հարկավոր են եղել լեռնային պայմաններ:
Մարզպետը չի բացառում, որ այս թռիչները որոշակի ձայներ են առաջացրել, տպավորություն թողնելով, թե պայթյուն է կամ այլ միջադեպ: Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ ՊՆ կայքից ևս տեղեկություններ կարելի է գտնել այդ թռիչների վերաբերյալ: Նշենք, որ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում այսօր մամլո հաղորդագրություն է տարածվել այս մասին:
Տեղեկացնենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով տարածվող լուրերին, գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել :Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»: