«Սահմանի վրա գազի գնի սահմանման հարցում լուրջ քաղաքական կոմպոնենտ կա». Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և գնի հետ կապված երկու բաղադրիչ պետք է տարբերակել՝ գինը սահմանի վրա և ներքին սպառման համար նախատեսված սակագինը:
«Այստեղ մի բաղադրիչն այն է, որ բացի տնտեսականից, սահմանի վրա գազի գնի սահմանման հարցում լուրջ քաղաքական կոմպոնենտ կա: Այն առումով, որ մենք տեսնում ենք, ՌԴ-ն տարբեր երկրների հետ իր այս կամ այն հարաբերությունները ձևավորելու համար միշտ կիրառում է այս լծակը: Մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք ԵԱՏՄ-ում: Երբ ասում եմ, որ միասնական էներգետիկական շուկաների կայացումը դանդաղում է, հենց դրա համար եմ ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ ընթացող բանակցություններին և ընդհանուր գործընթացներին:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ ապրիլի 1-ին գազի գնի բարձրացման հետ կապված՝ հնարավոր է՝ հայտ ներկայացնեն, Միքայել Մելքումյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե «Գազպրոմ Արմենիան» ինչ է անում իր ծախսերի կրճատման առումով:
«Սահմանի վրա կարող է որոշ չափով ավելանալ գազի գինը, սակայն դա չի նշանակում, որ սակագինը սպառողների համար վերջնական անպայման պետք է թանկանա: «Գազպրոմ Արմենիան» կարող է աշխատել ոչ թե 10 տոկոս շահույթով, այլ 5 տոկոսով, կարող է կորուստները իջեցնել, և այլն: Սրանք լրջագույն հարցեր են և խնդիրներ, որոնք մենք գիտենք»,- շեշտեց Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում