Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021-ի ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։
Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը և ասել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը։
Նախագահ Սարգսյանը վերահաստատել է 2021թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր հնարավորություններին։