Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզաննա Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը նոր հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Դրեզդենի օպերային թատրոնում փետրվարի 7-ին կայանալիք համերգին` Semper Opernball-ին իր մասնակցության չեղարկմանը՝ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի՝ հայուհու հետ ելույթից հրաժարվելու պատճառով:
Հաղորդագրության մեջ երգչուհու ներկայացուցիչ Ռենե Մասիսը Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյին հորդորել է ներողություն խնդրել Ռուզան Մանթաշյանից:Երգչուհին «Ֆեյսբուք»-ի անձնական էջում հրապարակել է Ռենե Մասիսի հայտարարությունն այն մասին, որ նա չի կարող հրապարակել Semper Opernball-ի հետ ունեցած բանակցությունների մասին փաստաթղթերը, որովհետև երկու ընկերությունների կամ կազմակերպությունների միջև բանակցությունների ընթացքում իրականացվող գրագրությունը (էլեկտրոնային փոստ, նամակներ, և այլն) կրում են գաղտնի բնույթ և ենթակա չեն հրապարակման:
Մանթաշյանի ներկայացուցիչը, պատասխանելով Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյի հունվարի 15-ին տարածած մամուլի հաղորդագրությանը, նշել է, որ Ֆրեյը համառորեն շարունակում է իր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցների միջոցով` չցուցաբերելով ճկունություն ու մնալով իր կարծիքին:
«Մենք ստիպված ենք դիմելու հաղորդակցության նույն եղանակին` ձեզ պատասխանելու նպատակով: Ձեր հոդվածում դուք, կարծես թե, միտումնավոր խառնում եք տարբեր խնդիրներ` փաստերը խեղաթյուրելու համար:
Դուք նաև միտումնավոր կերպով փորձում եք խրթին ձևով բացատրել արվեստի ոլորտում ներգրավված կազմակերպությունների աշխատանքի եղանակները: Ձեր հոդվածի բովանդակության մեջ տարբերակման ենթակա երկու բան կա: Մի կողմից, խոսքը SemperOpernball-ի մարդկային ու մշակութային արժեհամակարգի մասին է:
Դուք կարևորում եք ձեր նախորդ միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը: Մենք երբեք չենք վիճարկել այս իրողությունը, մենք նույնիսկ բացահայտ կերպով ողջունել ենք այն հունվարի 14-ի մեր մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես տեսնում եք, այս առումով մենք չենք վիճարկում ձեր ու SemperOpernball-ի հեղինակությունը: Մյուս կողմից, առկա է հակասություն, որը ծագել է պարոն Էյվազովի կողմից տիկին Մանթաշյանի հետ «քաղաքական դրդապատճառներով» ելույթ ունենալուց հրաժարվելու հետևանքով, ինչը հանգեցրեց մեր կատարողի հետ ձեռք բերված պայմանավորվածության չեղարկմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մանթաշյանի ներկայացուցչը գրում է, որ կարելի է մտածել, որ Ֆրեյը ստիպված է եղել դա անել իր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով:
«Սա ձեր ցանկությունը չէ, սակայն փաստն այն է, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը նախագծում չեղարկվել է: Լավագույն դեպքում դուք առնվազն պետք է ներողություն խնդրեիք տիկին Մանթաշյանից: Այդ դեպքում մենք կփորձեինք հարթել ստեղծված տհաճ իրավիճակը: Դուք անգամ հարկ չհամարեցիք անձնական կապ հաստատել: Փոխարենը, հունվարի 15-ի ձեր մամուլի հաղորդագրության մեջ գոռոզ ու վիրավորական կերպով մերժում եք մեր դիրքորոշումը պաշտպանելու նպատակով մեր կողմից բերվող կոնկրետ փաստարկները:
Նման քայլով արդյոք ցանկանո՞ւմ եք, որ մենք լրացուցիչ քայլ կատարենք ու այս վեճը տեղափոխենք այլ հարթակ»,-այս հարցադրումով ավարտվում է հաղորդագրությունը: