«Հարցաքննությունը երևի շատ ուրախ է անցել, այդ պատճառով էլ սելֆիով է ավարտվել». Գևորգ Պետրոսյանը՝ Քննչական կոմիտեում վարչապետի սելֆիի մասին

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ներկայացել է Քննչական կոմիտե և պատասխանում է քննիչի հարցերին։

Գրառմանը կից նա լուսանկար էր հրապարակել, որտեղ սելֆի էր արել իրեն քննող քննիչի հետ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի  խոսքով՝ օրենքով սելֆի անելու կամ չանելու արգելք չկա, սակայն կոռեկտության տեսանկյունից այն ճիշտ չի համարում։

«Հարցաքննությունը երևի շատ ուրախ է անցել, այդ պատճառով էլ սելֆիով է ավարտվել։ Բայց չեմ կարծում, որ քննչական ծառայություն հրավիրվող բոլոր վկաները կամ մեղադրյալներն այդպիսի բարձր տրամադրություն կունենան, որ քննիչի հետ սելֆի անեն։ Եթե վարչապետն այս կամ այն գործով անցնող անձ է, և եթե քննիչը գործող օրենսդրության համաձայն՝ պարտավոր է ապահովել չեզոքություն և գործի հանգամանքների օբյեկտիվ և լիակատար քննություն, ապա այդ պայմաններում, եթե անգամ ինչ-որ խնդիր էլ չկա, ապա ճիշտ չէ դատավարության ընթացքում, այն էլ՝ քննչական ծառայությունում, քննչի հետ նկարվել և նկարը հրապարակել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ պատգամավորի՝ սելֆի անելը վարչապետի սիրելի զբաղմունքն է, և այդ զբաղմունքը գործի է դրել նաև պետական մարմիններում։

«Ճիշտ չեմ համարում քննչականում քննիչի հետ վարչապետի սելֆի անելը։ Ունեմ քննիչ ընկերներ, որոնց հետ կարող եմ ոչ աշխատանքային ժամերին հանդիպել, հաց ուտել, նկարվել։ Բայց եթե այս կամ այն գործով անցնող անձ եմ, ապա նման ձևով նկարներ անելը սովորական չէ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են հրավիրվել Քննչական կոմիտե, սակայն որևէ մեկը նման շռայլությամբ աչքի չի ընկել։

Տեսանյութեր

Լրահոս