Իրանում ավիաաղետից զոհված կանադացիների մարմինների հայրենադարձումը կարող է ամիսներ տեւել. Թրյուդո
Կանադայի՝ ավիաաղետի հետեւանքով զոհված քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս: Հունվարի 13-ին այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Global News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
«Դա ամենագլխավոր հարցերից մեկն է, որն ինձ տալիս էին զոհվածների ընտանիքները: Նրանցից շատերի համար դա կապված է կրոնի հետ. իրենց հարազատներին թաղել հնարավորինս շուտ,- ասել է նա:- Ցավոք, նման իրավիճակներում մենք կարող ենք խոսել շաբաթների եւ նույնիսկ ամիսների մասին»:
Թրյուդոն նաեւ հիշեցրել է, որ կանադացի դիվանագետների խումբն արդեն ստացել է իրանական այցագրեր եւ ժամանել է Թեհրան՝ հյուպատոսական ծառայություններ մատուցելու 57 զոհված կանադացիների հարազատներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: