«Հավանաբար սա տոտալ վերահսկողություն է նաև հ/կ-ների նկատմամբ». Ավետիք Իշխանյանը՝ հ/կ-ների մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին

Նախորդ տարի ամռանը ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման  դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ամիսներ անց՝ դեկտեմբերին, Կառավարությունը հաստատեց։

Այդ փոփոխությունների արդյունքում, նախատեսվում է, որ բոլոր հ/կ-ները տարեկան ֆինանսական հաշվետվություն պետք է հրապարակեն, գործունեությունը թափանցիկ դարձնելու նպատակով։ Ավելին՝ նախագծով նախատեսվում է, որ հ/կ-ները պետք է Պետական եկամուտների կոմիտե հաշվետվություն ներկայացնեն կազմակերպության ղեկավարի, անդամների ստացած գումարների, իրականացրած ծախսերի, իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ։

Այս նախագծի հետ կապված պաշտոնական հայտարարություն էր տարածել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ նշելով, որ խնդիր է տեսնում ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջի իրավաչափության առումով: Կազմակերպության կարծիքով՝  հաշվետվություն ներկայացնելու պահանջն անհարկի միջամտություն է պետության կողմից: «Այն կարող է գնահատվել՝ որպես ՀԿ-ների գործունեության խոչընդոտում: Եթե  օրենքի նպատակն ուղղակի ՀԿ-ների գործունեության թափանցիկության ապահովումն ու հանրայնացումն է, ժողովրդավարական հասարակությունում այն չի կարող դիտարկվել իրավաչափ ու  անհրաժեշտ: Հասարակական կազմակերպություններն իրենք պետք է որոշեն՝ ինչ ծավալով և ինչ եղանակով հանրությանն իրազեկեն իրենց գործունեության բնույթի և աշխատանքների վերաբերյալ»,- նշված էր հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ կիսում է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտեցումը, միաժամանակ ընդգծելով, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի առումով որևէ խնդիր չունեն։

«Մենք մեր հաշվետվությունը միշտ էլ հրապարակել ենք, կայքում դրված է եղել, թե ֆինանսական միջոցները որտեղից ու ինչ ծրագրով ենք ստացել, ինչի վրա ենք այդ գումարները ծախսել, գրված է՝ ովքեր են աշխատակիցները, նրանք հարկայինում գրանցված են։ Եթե այդ ամենը ինչ-որ թղթի վրա պետք է գրել, ստորագրել ու ուղարկել հարկային, ապա այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Այսինքն՝ այդ առումով մենք որևէ խնդիր չունենք։ Այդուհանդերձ  հասկանում եմ, որ այս ամենը փոքր հ/կ-ի համար կարող է մի քիչ անտեղի խնդիրներ ստեղծել։ Որովհետև, երբ մենք փոքր կազմակերպություն էինք, դժվար էր հաղթահարել նման լրացուցիչ բյուրոկրատիան»,-շեշտեց Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած բյուրոկրատիա դժվարացնում է կազմակերպության գործունեությունը, փոքր հ/կ-ի դեպքում այդ ամենը կարող է լինել շոշափելի։

«Երբ մեր կազմակերպությունը ներգրավվում էր վարչապետին կից հակակոռուպցիոն խորհրդում, ներկայացրել ենք ավելի շատ փաստաթուղթ։ Այսինքն՝ կայացած ու մեծ կազմակերպությունների համար սա խնդիր չէ։ Հասկանում եմ, որ այստեղ խնդիրն ընդհանուր ֆինանսական գործունեության թափանցիկությունն է, ինչն առհասարակ Հայաստանին պետք է, առավել ևս՝ այն դերակատարների առումով, որոնք հանրային, հասարակական-քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, իրապես ֆինանսական թափանցիկություն պետք է։

Ի դեպ, սա վերաբերում է հ/կ-ներին, լրատվամիջոցներին, կուսակցություններին, այս թևերի համեմատ՝ հ/կ-ները լավ վիճակում են, կուսակցությունների ու լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունն էլ է պետք »,- շեշտեց Դ. Իոաննիսյանը։

Նա նաև ընդգծեց, որ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է ներկայացվում՝ժողովրդավարական երկրներում ֆինանսական թափանցիկությունը բարձր մակարդակի վրա է։ Եվրոպական բազմաթիվ երկրներում նույնիսկ յուրաքանչյուր քաղաքացի է ներկայացնում տարեկան ֆինանսական հաշվետվություն, թե որտեղից և ինչի համար է գումար ստացել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով՝ այս նախագիծը դժվար թե սահմանափակի կազմակերպությունների լիազորություններն ու գործունեությունը, որոշ դժվարություններ կառաջանան, սակայն չի սահմանափակվի։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ օրենքի այս նախագիծը տոտալ վերահսկողություն է հ/կ-ի նկատմամբ։
«Նախկին օրենքում, հանրային միջոցներից բացի, այլ միջոցների վերաբերյալ նման ծավալի հաշվետվություն ներկայացնելու պահանջ չկա։ Այս ամենը շատ նման է ավտորիտար պետություններում ընդունված այն մոտեցմանը, որով ձեռք են բերում վերահսկողության այնպիսի գործիքներ, որը բնորոշում եմ՝ որպես միջամտություն, քանի որ այս ամենը հիմնավորված չէ։ Եթե խոսքը վերաբերում է ահաբեկչության, փողերի լվացման և այլնի մասին, ապա դրա համար կան անհրաժեշտ գործիքներ, ինչպես ցանկացած իրավաբանական անձի կամ քաղաքացու հետ կապված։ Պետությունն էլ իր ջանքերը պետք է գործադրի այդ գործիքներն արդյունավետ օգտագործելու համար։

Իսկ հ/կ-ներին դիտարկել՝ որպես այդպիսին, պետք է ունենան բավականին լուրջ հիմքեր։ Մենք տալիս ենք հաշվետվություն, հրապարակում ենք մեր տվյալները, ըստ որում, պետության միջամտությունը կարող է լինել միայն հանրային միջոցների տիրապետման կամ տնօրինման հետ կապված»,- ասաց Արթուր Սաքունցը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախագծի քննարկմանը մասնակցել են և ներկայացրել իրենց կարծիքը, սակայն փաստը մնում է փաստ, որ այն հաշվի չեն առել, դրա համար որոշել են նաև առանձին ներկայացնել իրենց տեսակետը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախ ասաց, որ օրենքի նախագծի մասին առաջին անգամ է լսում, տեղյակ չի եղել, որ հ/կ-ի մասին օրենքում նման փոփոխություններ են կատարել, ապա պարզաբանեց.

«Հասարակական կազմակերպությունները հարկային մարմիններին ներկայացնում են իրենց եկամտահարկը և շահութահարկը։ Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա մինչև այժմ շեշտը դրվել է պետությունից ստացած գումարների վրա, երբ պետությունն է այս կամ այն կազմակերպությանը դրամաշնորհ տվել, այդ դեպքում հ/կ-ն պարտավոր է եղել թափանցիկ հաշվետվություն ներկայացնելու, բայց ինչպես հասկանում եմ, օրենքի փոփոխությամբ այժմ խոսքը տարածվում է բոլորի վրա, բայց այս ամենի նպատակը ո՞րն է։ Ճիշտն ասած, ձեզանից տեղեկացա, որ նման նախագիծ է եղել, քանի որ նախագծի քննարկմանը մեր կազմակերպությունից որևէ մեկը չի մասնակցել, այս հարցը բավականին խնդրահարույց է»։

Իրավապաշտպանի դիտարկմամբ, եթե այս նախագծի նպատակն է՝ վերահսկողություն սահմանել, թե կազմակերպությունները որտեղից են ֆինանսներ ստանում, ապա անձամբ ես որևէ մտահոգություն չունեմ, իսկ թե որն է իրական նպատակը, պետք է ասեն նախագծի հեղինակաները։

«Ի վերջո, դրամաշնորհ ստացող կազմակերպությունները հաշվետու են դրամաշնորհ տվողներին, մինչև այժմ այդպես է եղել։ Այստեղ կարևորն այն է, որ անպատասխանատու կազմակերպություններին չի ֆինանսավորում, կոնկրետ մեզ մոտ որևէ գաղտնիք չկա, կայքում տեղադրում ենք ամեն ինչ։ Հիմա այստեղ Կառավարության նպատակը ո՞րն է։ Հավանաբար սա տոտալ վերահսկողություն է նաև հ/կ-ների նկատմամբ, թե որը կլինի հաջորդ քայլը, գուցե այն, ինչը կա շատ երկրներում՝ օտարերկրյա լրտեսներ… կապրենք՝ կտեսնենք»,- եզրափակեց խոսքը Ավետիք Իշխանյանը։
Հասարակական կազմակերպությունների մասին գործող օրենքի 24-րդ հոդվածը

նախատեսում է, որ ՀԿ-ն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է հաշվետվություններ՝ եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը։

Տեսանյութեր

Լրահոս