Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն հյուպատոսական օգնություն կցուցաբերի «Բոինգ»-ի խոցման զոհերի ընտանիքներին

Իրանի ԱԳՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հյուպատոսական օգնություն կցուցաբերի այդ երկորւմ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար «Բոինգ-737» ինքնաթիռի աղետի զոհերի ընտանիքներին։ Ինչպես հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը, այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

Նրա խոսքով, աշխատանքային խումբը կգործի Իրանի ԱԳՆ վարչություններից մեկի կազմում։ «Հանձնարարված է զբաղվել հարցերով, որոնք կստացվեն զոհերի ընտանիքներից, և մատուցել անհրաժեշտ ծառայությունները»,- ասել է Մուսավին։

Ինչպես ասվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, «Մարդկային սխալի հետևանքով և պատահականորեն այդ ինքնաթիռը խոցվել է»։ Ըստ հայտարարության՝ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար «Բոինգ-737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։ Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս