Տխուր եմ. Մարկոս Պիզելին` կարիերան Հայաստանում ավարտելու մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին պարզաբանել է, թե ինչու է որոշել ավարտել կարիերան:
«Մեկ տարի առաջ ես լուրջ վիրահատության ենթարկվեցի: Բայց հետո նորից մարզվում էի: Մեկ ամիս առաջ, երբ մարզվում էի Բրազիլիայում, մտածում էի խնդիրներ չկան: Հայաստան վերադարձից հետո կրկին ծնկի բուժզննում եմ անցել, ինչից հետո հայտնի դարձավ, որ խնդիրներ կան: «Արարատ-Արմենիա»-ն առաջարկեց մնա և նորից բուժվել, սակայն ես որոշեցի ավարտել կարիերաս: Տխուր եմ, քանի որ բոլորն էլ գիտեն, թե որքան եմ Հայաստանը սիրում»,- ասել է Պիզելին` «Արարատ-Արմենիա» ակումբի տարածած տեսանյութում:
Ավելի վաղ` ակումբի մամուլի ծառայությունը գրել էր, որ Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան: Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան: