«Մեզ ո՛չ անհանգստացնում են, ո՛չ էլ հիշում». Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողին ՀՔԾ-ն մոռացել է. «Փաստինֆո»
«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին վարույթն իրականացնող մարմինն ավելի քան 5 ամիս է, ինչ մոռացել է։
Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը «Փաստինֆո»-ին հայտնեց՝ վարույթն իրականացնող մարմինն առհասարակ իրենց հետ կապված որևէ քննչական գործողություն չի կատարել. «Գործն ինչպես կար, այնպես էլ մնացել է։ Մեզ ո՛չ անհանգստացնում են, ո՛չ հիշում են, ո՛չ էլ գործը կարճվել է»,-նշեց պաշտպանը։
Հարցին՝ արդյոք չի պատրաստվում գործը կարճելում մասին միջնորդություն ներկայացնել, փաստաբանը նշեց՝ առայժմ սպասում է. «Տեսնեմ վարույթն իրականացնող մարմինն ինչ դիրքորոշում է ընտրելու, որպեսզի ըստ դրա կողմնորոշվեմ։ Գտնում եմ՝ ես չպետք է խնդրեմ, որ գործը կարճեն։ Կարծում եմ՝ պետք է իրենք ամեն ինչ անեն, որ քրեական գործի վարույթը կարճվի, որովհետև դա օրենքով է, արդարացի է և գործի տվյալներն են այդպիսին»,-հավելեց Վաղարշակ Գևորգյանը։
Նշենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: