«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլի դիմած քաղաքացիները դադարեցրել են հացադուլը
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ իրականացնող 5 կալանավորն ու 1 դատապարտյալը դադարեցրել են հացադուլը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ էր սկսել 6 քաղաքացի:
Լուրը մամուլում հայտնվել էր հացադուլ հայտարարած քաղաքացիներից Կարեն Հովհաննիսյանի եղբոր միջոցով: Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում արդեն 4-րդ անգամ էր հացադուլի դիմում և բողոքում էր իր քրեական գործից:
168.am-ը ՔԿԾ հանրային կապերի բաժնից նաև տեղեկացավ, թե ովքեր էին հացադուլի դիմած մյուս քաղաքացիները, ու որն էր նրանց պահանջը:
«Մնացյան Համազասպը բողոքում է՝ հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, Խաչատրյան Խաչիկը բողոքում է քրեական գործից, Կարեն Հովհաննիսյանը, ինչպես ավելի վաղ նշել էի, բողոքում է քրեական գործից, Գալստյան Վանիկը՝ հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, Մարտիաշվիլի Աֆդանդիլ, նա դատապարտյալ է, բողոքում է, որ հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, և Մելքոնյան Գեղամը բողոքում է քրեական գործից»,- 168.am-ին ասաց Նոնա Նավիկյանը: