««Դատապարտյալների հիվանդանոց»-ում հացադուլ է հայտարարել ոչ թե 8, այլ 6 մարդ». ՔԿԾ մամուլի խոսնակ
Ավելի քան մեկ ժամ առաջ shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 39-ամյա Կարեն Հովհաննիսյանը և ևս 7 դատապարտյալ հացադուլ է հայտարարել:
Տեղեկությունը ճշտելու համար 168.am-ը խոսեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանի հետ:
«Ոչ թե 8, այլ 6 մարդ է հացադուլ հայտարարել «Դատապատյալների հիվանդանոց»-ում: Կարեն Հովհաննիսյանն իր քրեական գործից է բողոքում: Հացադուլի պատճառը դա է: Մյուս 5-ը ևս բողոքում են իրենց քրեական գործերից»,- 168.am-ին ասաց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը:
Դատապարտյալների հացադուլ հայտարարելու լուրը shamshyan.com-ին փոխանցել էր Կարեն Հովհաննիսյանի եղբայրը, ով նաև ասել էր, թե եղբայրը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու 10 ամիսների ընթացքում 4 անգամ հացադուլ է հայտարարել՝ իր քրեական գործի հետ չհամաձայնելու պատճառով:
«Կարեն Հովհաննիսյանը հացադուլ է արել 2019 թվականի փետրվարի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 26-ը, նորից հացադուլ հայտարարել է 2019 թվականի հունիսի 18-21-ին, հացադուլ արել է նաև 2019 թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 25-ը, և այսօր կրկին հացադուլ է հայտարարել: Բողոքը կապված է քրեական գործի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Նոնա Նավիկյանը: