Չե՛նք զիջելու, ով ուզում է՝ լինի. Իրենց թվում է՝ ժամանակը պետք է գա, և իրենք վերադառնա՞ն.  Հայկ Չոբանյան

2019 թվականի փետրվարին նշանակված Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի համոզմամբ՝ այն որակը, որն առկա էր սահմանապահ գյուղերում, իր հետևից բերել է մասսայական արտագաղթ, գյուղացիների  ընկճվածություն, ինչի արդյունք է գյուղական դպրոցներում աշակերտների շատ փոքր թվաքանակը։

Ըստ մարզպետի՝ այս պատկերը չունենալու համար է, որ իրենք գնում են կառուցողական ծրագրերի իրականացման, իսկ գործարարներին էլ կոչ անում ոչ թե մարդկանց ուղղակի օգնություն տալ, այլ այդ միջոցներն ուղղել առավել կենսական ծրագրերի կիրառմանը՝ այդ նույն մարդկանց սովորեցնելով վաստակել սեփական ապրուստը։

«Ասենք, եթե ընտանիքը կարող է զբաղվել մեղվաբուծությամբ, նրան տալիս են փեթակներ և մեղվաընտանիքներ, եթե կարող են անասնապահությամբ զբաղվել՝ տալիս են ընտանի կենդանիներ։ Մեզ համար ցանկալի է, որ անգամ այս նվիրատվության ժամանակ քաղաքացին իր ստացած եկամուտից նաև փոխհատուցումներ անի»,- 168.TV-ի  «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայկ Չոբանյանը։

Մարզպետի խոսքով՝ Ադրբեջանի հետ ունեցած 300 կմ սահմանագիծն իրենք փորձում են դիտարկել՝ որպես արտոնություն, քանի որ  պետության կողմից տրվում են հարկային արտոնություններ, սակայն քանի որ այդ արտոնությունները բավարար չեն ներդրումային բում ապահովելու համար, ուստի առաջացել է  խնդիր՝ իջեցնել նաև եկամտահարկի տոկոսադրույքը, որի վերաբերյալ էլ խորհրդարանում առկա է նախագիծ։

«Բոլոր բիզնեսմենները շատ ոգևորված են դրանով, և դա կարող է մեծ ազդեցություն ունենալ այն ոլորտների վրա, որտեղ շրջանառության մեծ մասը վերաբերում է աշխատավարձերին, ուստի հիմա մենք մեծ ներդրումներ ենք կատարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելու համար»,- ասաց  Չոբանյանը։

Խոսելով  ներդրումների մասին՝ Հայկ Չոբանյանը  նշեց, որ «Իմ քայլը՝ հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի շնորհիվ իրենք Տավուշի մարզում բիզնես ոլորտի համար սահմանեցին  մի նոր նշաձող։

«Մենք ունեցանք ավելի քան 30 բիզնես ծրագիր, որոնցից ավելի քան 25-ին ընթացք է տրվել։ Բացի այդ, կան բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են։ Պետք է նշեմ, սակայն, որ ամբողջ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման  հիմնական խնդիրը ես համարում եմ գոյություն ունեցող բյուրոկրատական ընթացակարգերի հաղթահարումը, որոնք, ի դեպ, նախկինների ժամանակ ունեցել են հատուկ նշանակություն։ Օրինակ՝ քաղաքաշինական ընթացակարգերն այնքան խրթին էին, որ դու օրենսդրության շրջանակում առանց միջամտության չէիր կարող հաջողության հասնել և դրան հասնում էիր կոռուպցիոն եղանակով։ Հիմա ամեն ինչ լուծվում է միայն օրենքի շրջանակում, բայց կա  ժամկետների ձգձգում»,- ասաց  Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ ամսվա մեջ միջինը հանդիպում է 40 ներդրողի հետ, որոնց 60 տոկոսը ռեալ ներդրող է։

Անդրադառնալով իր մարզպետության շրջանում արձանագրված հայտնի միջադեպին, երբ Իջևանում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, Հայկ Չոբանյանը պարզաբանեց, որ դրա պատճառն այն էր, որ տարիներ շարունակ անտառն անօրինական հատվել էր, իսկ այդ օրն իրենք այդ գործում ներգրավված  չինովնիկներին, կրիմինալ շրջանակներին և բիզնեսմեններին զրկեցին  անօրինական եկամուտներից։

«Հասարակ քաղաքացին, որը ներգրավված էր այդ գործի մեջ, դրանով չէր հարստանում, նա ընդամենը կարողանում էր հացի գումար վաստակել։ Իհարկե,  ապօրինի անտառահատումներն արգելելու հետևանքով  թանկացավ փայտը, սակայն պետությունը մարդկանց տալիս է փայտից անվճար օգտվելու քվոտա մինչև 8 խմ»,- ասաց  Չոբանյանը՝ որպես ապօրինի անտառահատության այլընտրանք՝  տղամարդկանց առաջարկելով եկամտի այլ աղբյուր։

«Ապօրինի փայտահատությամբ զբաղվելու փոխարեն՝ կարող են գնալ և անցնել պայմանագրային զինծառայության»,- ասաց  Չոբանյանը՝ ընդգծելով, որ իրենք կարողացել  են 380 մարդու ապահովել  աշխատանքով տարբեր ոլորտներում։

Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ր նախապես մարդկանց աշխատատեղով  ապահովել, հետո կտրուկ արգելել ապօրինի անտառահատությունը, որի արդյունքում չէին լինի իջևանյան բախումները,  Հայկ Չոբանյանը պատասխանեց.

«Այդ աշխատատեղերը կային, բայց դրան ոչ ոք չէր գնում, որովհետև  գողությամբ էին զբաղված, զուգահեռ՝ նպաստ էին ստանում, ներգրավված էին նաև կրիմինալի մեջ»։

Հարցին՝ իսկ ճի՞շտ են արդյոք լուրերը, որ արդեն կտրված ծառերի կոճղերը նորից կտրվում են և ուղարկվում փորձաքննության՝ ընդդեմ նախկին անտառտնտեսության պետի, Հայկ  Չոբանյանն ասաց.

«Մարդիկ կային, որ հպարտացել են, թե ղեկավարությունից 2 շաբաթվա համար ստացած թույլտվությամբ՝ քվոտայով, տղայի համար մեքենա են գնել։ Այս բիզնեսը շատ նման է Կոլումբիայի նարկոբիզնեսին։ Էստեղ էլ է եղել պետություն՝ պետության մեջ։ Ձեր կարծիքով՝ ինչ է՝ իրենք պետք է հեշտ զիջե՞ն հիմա, ոչ, չեն զիջելու, բայց մենք ավելի հաստատակամ ենք լինելու, մի վայրկյան չենք զիջելու, ով ուզում ա՝ լինի։ Իրենց թվում է, թե ժամանակը պետք է գա, և իրենք վերադառնա՞ն. հիմա էլ գնացել են, իրենց  բիզնեսը տեղափոխել են Արցախ։ Մենք օր առաջ պետք է փակենք նաև այդ ճանապարհը։ Բոլոր հանցագործությունները պետք է քննվեն, և պետք է որոշվի, թե ովքեր են մեղավորները։ Այդ  քննություններն ուղղված են խոշորների դեմ, և կան արդեն տասնյակ գործեր, իսկ բոլոր անունները կհնչեցնեն իրավապահ մարմինները»,- ասաց  Հայկ Չոբանյանը։

Անդրադառնալով  Տավուշի մարզի հետ կապված մյուս ամենաշատ քննարկված հարցին՝ Չոբանյանը նկատեց, որ լուրերը, թե Իջևանի քաղաքապետի ընտրությունները հետաձգվում են՝  կապված Հայկ Ղալումյանին այդ պաշտոնում տեսնելու և համայնքների խոշորացման հետ, հերյուրանք են։

«Ես հույս ունեմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ Հայկ Ղալումյանից բացի, կլինեն այլ թեկնածուներ. նախընտրական շրջանը դեռ չի սկսվել»,- ասաց Չոբանյանը։

Խոսելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման մասին, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, Հայկ Չոբանյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ես կիսում եմ դա, պետական համակարգը դիմադրում է,  և դա վերաբերում է գոյություն ունեցող՝ ժառանգված համակարգին»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս