Ոստիկանությունը գործողություններ է իրականացնում սկանդալային տեսանյութի հետքերով
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին, ոտքով հարվածներ հասցնում նրան։
168.am-ը Ոստիկանությունից փորձեց պարզել՝ արդյոք ծանո՞թ են տեսանյութին, և ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացնում տաքսու վարորդին ծեծի ենթարկող Mercedes-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ տեսանյութին ծանոթ են։
«Ոստիկանությունը ծանոթ է այդ տեսանյութին, իրականացվում են համապատասխան գործողություններ, որի վերաբերյալ ավելի ուշ կտրվի տեղեկատվություն»,- մեզ հետ զրույցում ասաց Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ համացանցում տարածված այս տեսանյութի հետ կապված՝ դիմել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին։
«Դիմում եմ Ձեզ՝ որպես մարդ, ով 2018 ապրիլի վերջին օրերին «Շանթ» հեռուստատեսության եթերից (Արամ Աբրահամյանի հյուրն էի) կենդանի է անվանել բոլոր նրանց, ովքեր դաժանաբար ծեծում էին (այդ թվում՝ նաև ոտքերով) փողոց դուրս եկած երիտասարդներին: Ու հիմա ես ոչ թե խնդրում եմ, այլ` պահանջում, որ այս կենդանին ձերբակալվի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանը: