«Նախագահի կողմից այս օրենքի ստորագրումը ռեպրեսիայի ազդանշանն էր». Տիգրան Աթանեսյան

Քիչ առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

«Լրացված մեղադրանքը ևս դատարկ է և անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ ևս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ` Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալ։

Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որևէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար։

Հ.Գ. Գոնե սպասեին՝ տոները անցնեն, թե՞ դա էլ է մտնում սցենարի մեջ` լրացուցիչ տառապանք մարդուն և նրա ընտանիքին…»,- մասնավորապես նշել էր Տիգրան Աթանեսյանը:

«Այս գործում իրավական բաղադրիչն այնքան անհասկանալի է և պարզապես չկա, ուրիշ բան մեզ չի մնում, քան ենթադրել, որ՝ այո՛, պատճառն այսօր նախագահի կողմից ստորագրված օրենքն է, որովհետև քննիչի առաջին պահանջով ներկայացել է, որևիցե խնդիր չի ստեղծել քննության համար: Որևէ պատճառ չկա նրան կրկին կալանավորելու: Այսինքն՝ սա պարզապես «Սանիկ» օպերացիան է, որի նպատակը Հրայր Թովմասյանին ստիպելն է հրաժարական ներկայացնել մինչև հունվարի վերջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Աթանեսյանը՝ ընդգծելով, որ նախագահի կողմից այս օրենքի ստորագրումը «ռեպրեսիայի ազդանշանն էր»:

Մեր հարցին, թե սպասելի՞ են արդյոք գործողություններ անձամբ Հրայր Թովմասյանի դեմ, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ ինքը չի կարող մեկնաբանել՝ ՍԴ նախագահի դեպքում ինչ կլինի:

«Ճիշտ չի լինի իմ կողմից՝ դա մեկնաբանել: Նա փաստաբաններ ունի, իրենք կմեկնաբանեն»,- նկատեց Տիգրան Աթանեսյանը:

Իրենց հետագա գործողությունների մասին հարցին Տիգրան Աթանեսյանը պատասխանեց՝ սպասում են դատական նիստին:

«Պարզապես նախատոնական մեր տրամադրությունները փչացրին: Ամեն ինչ պարզ է: Այնքան դատարկ է մեղադրանքը, որ, ցավոք սրտի, այստեղ իրավաբանության տեղ չկա: Պարզապես ևս մեկ անգամ պետք է ցույց տանք, որ կալանավորման որևէ հիմնավորում չկա»,- եզրափակեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս